Տեխնոլոգիական Google ընկերությունը $3,14 մլն մրցանակ է սահմանել Chrome OS օպերացիոն համակարգում խոցելիություններ հայտնաբերած և դրանք մարտի 7-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում կայանալիք Pwnium մրցույթում ներկայացրած անձանց համար, հաղորդում է ընկերության պաշտոնական բլոգը: Նշենք, որ մրցույթն անց է կացվում տեղեկատվական անվտանգության CanSecWest համաժողովի շրջանակում:
Հատկանշական է, որ որոնողական հսկան Pwnium-ում առաջին անգամ է Chrome OS-ի վերաբերյալ մրցույթ անցկացնում: Նախկին երկու մրցույթների ժամանակ առաջարկվում էր խոցելի դարձնել Chrome բրաուզերի պաշտպանությունը:
Նշվում է, որ մրցանակը կբաժանվի այն մասնակիցների միջև, որոնց կհաջողվի չարտոնված կերպով մուտք գործել Chrome OS օպերացիոն համակարգ:
Chrome OS-ն առանձնանում է նրանով, որ աշխատում է ոչ թե համակարգչում տեղադրված ծրագրերի, այլ օնլայն ծառայությունների հետ:
Այս համակարգով աշխատող առաջին սարքավորումներն են 2011թ. հարավկորեական Samsung և չինական Acer ընկերությունների թողարկած նեթբուքները: Ինչպես հաղորդում է Slashgear-ը, ամերիկյան HP-ն ևս մտադիր է թողարկել Chrome OS-ով աշխատող նեթբուք: