Ես ձեզ չեմ ստիպել նախրի մեջ պաչել էշի ճակատը. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ հոբելյանական նիստին

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ծավալուն ելույթ է ունեցել իր ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցության հոբելյանական նիստին։ Ամբողջական ելույթից հատվածներ առանձնացրել ենք ստորև։ Թեմատիկ բաժանումները՝ ՍիվիլՆեթի։

«Մենք անցել ենք և՛ իշխանություն ունենալու, և՛ ընդդիմություն լինելու փորձությունը»

Մենք անցել ենք և՛ իշխանություն ունենալու, և՛ ընդդիմություն լինելու փորձությունը՝ ի հեճուկս Հանրապետականին Հայաստանի քաղաքական դաշտից վերացնելու սին պատրանքներ ունեցողների, կուսակցության դեմ ամենակեղտոտ մեթոդներով գործողների և նրանց հովանավորների:

«Դուք բերեցիք Նիկոլին» թեզի մասին

Այսօր մեզ անխնա քննադատում, իսկ ավելի շատ՝ զրպարտում և մեզնից գործողություններ են պահանջում նաև նրանք, ովքեր մեծագույն հաճույքով մասնակցում էին մեր դեմ «դագաղների» ու «սև ժապավենների» խրախճանքին, պահանջում մեր հեռացումը, ցուցադրաբար ողջունում, ոմանք էլ թաքուն հրճվում մեր դեմ պետական ռեպրեսիվ մեքենայի կողմից իրականացվող ապօրինություններով: Նորից ու նորից միտումնավոր հրապարակ են նետում «դուք բերեցիք Նիկոլին» թեզը՝ մաքրելու համար իրենց ոչ հեռու անցյալը: Անցյալ, որը ոմանց համար միգուցե ազնիվ մոլորություն էր՝ իշխանության փոփոխությամբ իրենց կյանքում հրաշքների իրականացման ակնկալիքով, բայց ոմանց համար կանխամտածված գործողություն էր՝ սուտ խոստումներով իշխանությունը զավթելու նպատակի հետապնդմամբ:

Եվ կարևոր չէ, թե այդ ոչ հեռավոր 2018-ին մոլորվածներն ու միտումնավոր գործողները ինչպես միմյանց օգտակար եղան անձամբ իմ և Հանրապետական կուսակցության, մեր շատ ընկերների դեմ թունավոր, 1937 թվականի մեթոդներով կեղտոտ արշավ իրականացնելու գործում: Փաստ է, որ այսօր՝ այդ տխրահռչակ իրադարձություններից յոթ տարի անց, փողոցում ամեն երկրորդ անցորդը անիծում ու հայհոյում է այս կապիտուլյանտ իշխանություններին, ամեն երրորդը՝ ինքն իրեն՝ սրանց անվերապահորեն հավատալու միամտության կամ մոլորության համար: «Թողեք, թող աշխատեն» թեզը միայն հիմա, չափազանց ուշացումով երկրի համար կործանարար համարողները այժմ էլ որդեգրել են «մեզնից մեզ պաշտպանեիք» թեզը, ասելով՝ մենք պահանջում էինք իշխանությունից հեռանալ, դուք էլ չլսեիք մեզ, թեկուզ մեզ հրապարակում կոտորելու գնով մնայիք իշխանության: Նրանք՝ նման բան ասողները, առնվազն ազնիվ չեն. և՛ ես, և՛ նրանք, և՛, իհարկե, դուք՝ այստեղ գտնվողներդ, շատ լավ գիտեք, թե այդ օրերին իշխանության կողմից անգամ մեկ մարդու կյանքից զրկելն ինչ անհնազանդության ալիք ու քաոս կառաջացներ երկրով մեկ, որքան կմեծացներ արտաքին վտանգի ռիսկերը, ինչպիսի դատապարտման տեքստեր կարտասանեին այսօր մեզ մեղադրողները, իսկ գրանտակեր մարդու իրավունքների բազում պաշտպաններն իրենց տերերի ցուցումով ինչ ջանասիրությամբ կլծվեին գործի:

Մինչդեռ 2018-ից հետո նրանք՝ սորոսական և նույնանպատակ այլ կառույցները, կուրացել ու խլացել են, ասես գետնի տակ անցել, քանի որ ցուցում չունեն գործելու: Ինչո՞ւ չունեն՝ դա արդեն մեկ այլ և ծավալուն թեմա է:

Մեզ մեղադրողներին միայն կասեմ հետևյալը՝ սեփական սխալն ընդունելը, առավել ևս՝ ուղղելը, անշուշտ, մեծ համարձակություն է պահանջում. շատ լավ հասկանում եք, որ յոթ տարի առաջ հրաժարականի պարտադրանքին ոգևորությամբ մասնակցելը կամ տոտալ անտարբերությունը ձեզ հանցակից է դարձնում այն ամենին, ինչ տեղի ունեցավ դրանից հետո:

Ընդունել սեփական հանցակցությունը, ունենալ այդքան ազնվություն խոստովանելու, որ ամեն մեկիդ մասնակցությունը հրապարակում թույլ է տվել իշխանազավթին օգտագործել ձեզ իր հեռահար նպատակի համար, չափազանց դժվար է, ինչ խոսք, իսկ, այ, ուրիշին մեղադրելը ամենահեշտն է: Ուրեմն ինչո՞ւ չգնալ հեշտ ճանապարհով:

Մեր կուսակցության վերջին համագումարին այս թեմայով անգամ ձևակերպում տվեցի, որ ես ձեզ չեմ ստիպել գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի՝ էշի ճակատը: Դա, կարծես, թևավոր խոսք դարձավ սրանց մասին: Հիմա ուզում եմ, վերջին զարգացումները հաշվի առնելով, շարունակել միտքս. «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք»: Յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, որի ճակատը համբուրել է:

Ցավոք, այս ճանապարհն են ընտրել նաև նրանք, ովքեր իշխանության հասնելու իրենց քայլերում հաջողության չունեցան, այդ թվում՝ պայքարի մեր երբեմնի գործընկերները, և պարզվում է՝ նրանց անհաջողության մեջ էլ մենք ենք մեղավոր: Ինձ համար պարզ է, թե ինչու են նրանք այդպես վարվում կամ այդքան փութաջանորեն քողարկում 2018-ին իշխանազավթներին աջակցելու սեփական քայլերը, իսկ միգուցե, գալիք ընտրություններից առաջ, պարզապես փորձում են ընդդիմադիր ձայներ փախցնել:

Ոմանք հիմա էլ 2018-ի իշխանազավթման մասին մի քանի տարի առաջ ասածս են քննարկում, թե՝ ես չեմ պարտվել սրանց, այլ պարտվել եմ շատ ավելի մեծ ուժերի։ Ուզում են հասկանալ և իբրև թե ոչ մի կերպ չեն հասկանում՝ այդ ի՞նչ ուժերի եմ պարտվել: Ցավով պետք է նշեմ, որ այն ամենից հետո ինչ բոլորիս աչքի առաջ կատարվում է մեր երկրում և այն արհավիրքը, որը տեղի ունեցավ Արցախի հետ, այդպես էլ չբացեց նրանց աչքերն ու միտքը, որպեսզի վերջապես գիտակցեն, որ այդ պայքարում պարտվեցինք ոչ միայն ես և մեր քաղաքական թիմը, այլ վերջնարդյունքում պարտվեցինք ազգովի:

Պարտվեցինք մեր տարածաշրջանում իրենց հաշվարկներն ու ծրագրերն ունեցող և ամեն կերպ դրանց իրագործմանը ձգտող ուժերին: Նրանց, ում ձեռնտու չէր այն կարմիր գիծը, որ մենք գծել էինք մեր ազգային շահի տեսանկյունից, նրանց, ում պատկերացումները Հայաստանի և Արցախի մասին չեն համապատասխանում մեր պատկերացումներին։ Նրանք Հայաստանում գտան կարմիր գծեր չունեցող, իշխանության ու փողի համար ամեն ինչի պատրաստ ազգուրաց տականքների, ովքեր պոպուլիզմով մթագնեցին շատերի ուղեղները և հիմա ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում մինչև չիրականացնեն իրենց տերերի բոլոր պահանջները:

Մաքսային միությանը միանալու «մեկ գիշերում որոշում կայացնելու» մասին

[…] Մեր գործունեության սկզբից ի վեր մեզ հարվածել են դրսից ու ներսից, աջից ու ձախից, հարվածել են թիկունքից միայն նրա համար, որ մենք մեր գործողությունները կառուցել ենք՝ հիմնված բացառապես մեր ազգային շահերի վրա, որ մենք չենք ենթարկվել այս կամ այն ինտեգրացիոն համակարգը մյուսի շահերի հաշվին ընտրելու հորդորներին և կարողացել ենք շատ հստակ հիմնավորել, թե ինչու: Մեզ հարվածել են մեր իրավունքներն ու ազգային արժանապատվությունը պաշտպանելու, մեր պետությանը և ժողովրդին պատուհասելիք վտանգները գիտակցելու և արկածախնդրության չգնալու համար: Հնարել են «Մեկ գիշերում որոշում կայացնելու» հեքիաթը և այնքան են պատմել, որ սկսել են իրենք էլ հավատալ իրենց հնարածին՝ միտումնավոր չտեսնելու տալով աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային խնդիրների ֆոնին բանակցային կողմերի հետ մեր տևական և ծանր, բայց միևնույն ժամանակ արգասաբեր աշխատանքը: Դրա արդյունքը, այո, ԵԱՏՄ-ին անդամակցության նպատակով մեր հետևողական բանակցությունների հաջող ավարտն էր և ԵՄ-ի հետ զուգահեռ տարվող աշխատանքի ավարտին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Այն ներառում էր մեր համագործակցության ամբողջական օրակարգը և շահերը:

2018 թվականի սկզբին Մյունխենյան անվտանգության գագաթնաժողովում նույն այդ երկրները որպես մոդելային օրինակ էին ներկայացնում Հայաստանը, որին հաջողվել էր կողմերի հետ նման անհավանական թվացող համաձայնությունների գալ:

«2018-ը, տրոյական ձին, 5-րդ շարասյունը»

Մենք չենք հաշտվել այն մտքի հետ, որ մեր երկրի անվտանգությունը, մեր ազգային շահը կարող է դառնալ սակարկման առարկա: Պայքարել ենք թույլ չտալու համար, որ մեր տան դուռը բացվի այլոց շահերի համար՝ ի վնաս մեզ: Սակայն տրոյական ձիու հաջողված օրինակը լավ ուսումնասիրած ուժերը 2018-ին դա կիրառեցին նաև Հայաստանում՝ օգտագործելով 5-րդ շարասյունը և ստերից թունավորված մոլորյալ ժողովրդին: Այսօր Հայաստանի Հանրապետության հետ տեղի ունեցող ողբերգությունը ասածիս վկայությունն է:

«Ինչ պետք է արվի իշխանափոխությունից հետո»

Շատերը հարցնում են՝ ինչ պետք է արվի իշխանափոխությունից հետո, կարևորագույն այս հարցի վերաբերյալ ի՞նչ պատկերացումներ ունի Հանրապետական կուսակցությունը: Մենք՝ որպես իրատեսական մոտեցումներով առաջնորդվող քաղաքական ուժ, մեզ թույլ չենք տա սուտ ու փուչ խոստումներով խաբել մարդկանց, ինչպես անում են Հայաստանի կապիտուլյանտ կառավարիչները տևական ժամանակ: Կարծում ենք՝ իշխանափոխությունից հետո առնվազն երեք առաջնահերթ խնդիր պետք է լուծել.

– Առաջինը՝ երկրի ներսում համերաշխության մթնոլորտի ստեղծումն է՝ որպես ազգային անվտանգության տեսանկյունից կարևորագույն խնդիր: Իհարկե, սա ոչ մի կերպ չի նշանակում անպատիժ թողնել ավանտյուրիստներին, չի նշանակում անպատիժ թողնել ներկայիս կապիտուլյանտների ռեժիմի աններելի հանցագործությունները, շատ դեպքերում՝ հանցավոր անգործությունը, երբ խոսքը մեր երկրի և ժողովրդի պաշտպանությանն ու անվտանգությանն է վերաբերում: Ավելին, սա նշանակում է խստագույն պատժի ենթարկել ՀՀ Սահմանադրության և օրենքների հետ խնդիր ունեցող ցանկացած մեկին:

Ի թիվս այս խնդրի լուծմանը միտված բազմաթիվ քայլերի, որոնք մենք շատ լավ պատկերացնում ենք, անհրաժեշտ կլինի երկրում արմատապես վերափոխել տեղեկատվական քաղաքականությունը՝ վերջ դնելով հասարակության մանիպուլացմանը, բևեռացմանն ու թշնամանքի քարոզին:

– Երկրորդը՝ մեր Զինված ուժերի մարտունակության վերականգնումն է՝ 21-րդ դարի մարտահրավերներին համապատասխան: Դա միանգամայն իրատեսական է զորքերի և զենքի գրագետ կառավարման, զինվորների բարձր մարտական ոգու վերականգնման, զորքերի համակողմանի ապահովման կազմակերպման, զինվորական բարձրորակ մասնագիտական կադրերով բանակի համալրման և մի շարք այլ խնդիրների լուծման պարագայում:

-Երրորդը՝ մասնագիտական բարձր որակի դիվանագիտական կորպուսի ձևավորումն ու Հայաստանի Հանրապետության դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերությունների վերականգնումն է՝ տարբերակելով գործընկերներին դաշնակիցներից:

Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի ոչ թե ցանկությունների, այլ իրականության և շահերի հստակ գիտակցման ու գնահատման վրա: Մեր երկրի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը, փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, պետք է ամբողջովին պաշտպանի մեր ազգային շահերն ու արժեքները՝ սահմանելով հստակ առաջնահերթություններ և նպատակներ:

Արցախյան հիմնախնդրի միջազգայնացման նոր ռազմավարություն է անհրաժեշտ, որն ունենա իրավական, քաղաքական և հումանիտար բաղադրիչներ՝ ներառելով նաև արցախահայության իրավունքների պաշտպանության և հայրենիք վերադարձի միջազգային օրակարգը:

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի մասին

… «խաղաղության համաձայնագիր» բառակապակցության երկու մասերն էլ, մեղմ ասած, վիճելի են, մոլորեցնող և իրականությունից հեռու։ Չմոռանանք նաև, որ համաձայնագիրը պետք է ունենա առնվազն երկու կողմ, իսկ այսօրվա գործընթացում միայն մեկ կողմ է երևում՝ Ադրբեջանը, որը գերիշխող դիրքից բացահայտ և քայլ առ քայլ իր պայմաններն է թելադրում: Ակնհայտ է, որ նույնիսկ այս իրավիճակում առկա են ծանրակշիռ դիվանագիտական հիմնավորումներ հայկական կողմի շահերը պաշտպանելու համար։

Հիմնավորումները կան, պաշտպանողը չկա։ Ակնհայտ է, որ այս գործընթացը ոչ թե «խաղաղության», այլ Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի շարունակման մասին է։ Եվ միանշանակ է, որ իշխանափոխության արդյունքում նոր բանակցողով և միջազգային հեղինակավոր միջնորդներով դեռևս կարելի է փոխել իրավիճակը: Բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ, իսկ գործող վարչախմբի գործողություններն արժանան նաև համարժեք իրավական գնահատականի։

ԼՂ հակամարտությունը լուծված չէ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ընդամենը օրեր առաջ արձագանքելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ կոչվող հիմնարկի վերջին մեկնաբանությանը, վերահաստատեց իր դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, որքան էլ կապիտուլյանտ վարչախումբը ձայնակցելով Ադրբեջանին՝ այդպես ներկայացնի: Դա ոչ այլ ինչ է, քան պետական մակարդակով այլևս անթաքույց տարվող արցախուրաց քաղաքականություն:

Այսօր Հայաստանի կառավարիչները փորձում են մեզ համոզել, որ Արցախի կորուստը «խաղաղության» գինն է: Սա ստի հանճարեղ օրինակ է: Եթե սուտ խոսելու մրցույթ լիներ, այս կառավարությունը կդառնար համաշխարհային չեմպիոն. խոստացան խաղաղություն՝ ստացանք պատերազմ, խոստացան բարեկեցություն՝ ստացանք արտագաղթ, խոստացան պաշտպանել Արցախը՝ հանձնեցին Արցախը: Այսքանից հետո սրանք նույնիսկ կարողանում են նայել մեր աչքերին և ասել, որ ամեն ինչ ճիշտ է արվում, որ իրենք իրենց ծրագրով առաջ են գնում: Մի հարցնող լինի՝ այդ ո՞ր ծրագրով՝ ազգային աղետի՞: Ինչ խոսք, այդ ծրագիրը կատարվում է 100%-ով:

Մեկնաբանել