Երևանը պաշտոնապես Բաքվին առաջարկում է խաղաղության համաձայնագիրն ու Մինսկի Խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԱԺ-ում։
Ադրբեջանը Հայաստանի առաջ նախապայման է դրել՝ մինչև ԵԱՀԿ ՄԽ-ն չլուծարվի և ՀՀ Սահմանադրությունը չփոխվի, Բաքուն չի ստորագրի խաղաղության համաձայնագիրը։ Փաշինյանն ասում է, որ Մինսկի խմբի լուծարումը հասկանալի օրակարգ է Հայաստանի համար։
«Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, և մենք դա անում ենք, ինչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Բայց ԵԱՀԿ ՄԽ-ն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ և մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը ՄԽ-ի լուծարումը չի դիտարկում որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն Ադրբեջանի տարածքում փակելուն և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ։ Փարատելու համար այս մտավախությունը մենք Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության համաձայնագիրը և Մինսկի Խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ։ Այսինքն, սեղանին դնել երկու փաստաթղթերն ու նույն պահին ստորագրել երկուսն էլ; Սա պաշտոնական առաջարկություն է»,- ասել է վարչապետը։