ԵՄ Խաղաղության հիմնադրամից նախատեսվում է Հայաստանին 20 մլն եվրո հատկացնել

Եվրամիության Խաղաղության հիմնադրամից այս տարի նախատեսվում է Հայաստանին 20 մլն եվրո հատկացնել: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Սլովենիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Քննարկումները շարունակվում են։ Հույս ունենք՝ ապագայում դրական հանգուցալուծում կլինի»,- ասել է նախարարը։

Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոն իր հերթին նշել է, որ իր երկիրն ամբողջովին աջակցում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 մլն եվրո հատկացնելու առաջարկին։

2024-ին Եվրոպական Խաղաղության Հիմնադրամի շրջանակներում ԵՄ-ն ՀՀ զինված ուժերին 10 մլն եվրո արժողությամբ աջակցության չափով օգնություն էր տրամադրել։

Մարտի սկզբին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը ԵՄ Խորհրդին առաջարկ էր ներկայացրել Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին աջակցության երկրորդ՝ ոչ հարձակողական միջոցի տրամադրման վերաբերյալ։ Աջակցությունը մինչ օրս Հայաստանին չի տրամադրվել, քանի որ Հունգարիան արդեն 6-րդ անգամ վետո է կիրառում՝ արգելափակելով այդ որոշումը։

Մեկնաբանել