Խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում ԵԱՀԿ ՄԽ-ի գոյությունը հավելյալ արժեք չի տա․ Միրզոյան

Խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում Մինսկի խմբի գոյությունը հավելյալ արժեք չի տա։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Սլովենիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Մենք կարծում ենք, որ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու դեպքում՝ ինստիտուցիոնալ կերպով կոնֆլիկտի ավարտն ազդարարելու դեպքում, որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այդ դեպքում կարիք չենք ունենա մի միջազգային ֆորմատի, որը կոչված է զբաղվել այդ հակամարտությամբ, օրինակ, հետևաբար Մինսկի խմբի գոյությունը ոչ մի հավելյալ արժեք չի տա։ Հակառակը, կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության, ստորագրված համաձայնագրի պարագայում», – նշել է Միրզոյանը:

Նախարարը վերահաստատել է վարչապետի նախօրեի հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է միաժամանակ ստորագրել և՛ խաղաղության համաձայնագիրը, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ փաստաթուղթը:

«Մենք այդ փաստաթղթերը կարող ենք նույն օրը ստորագրել», – ասել է Միրզոյանը:

Ադրբեջանը Հայաստանի առաջ նախապայման է դրել՝ մինչև ԵԱՀԿ ՄԽ-ն չլուծարվի և ՀՀ Սահմանադրությունը չփոխվի, Բաքուն չի ստորագրի խաղաղության համաձայնագիրը։

Մեկնաբանել