2013թ. հունվարի 24-ին` ժամը 14:50-ին, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից Հ. Նորեյանը ահազանգել է ՀՀ ոստիկանություն և հայտնել, որ Արարատի մարզի Վանաշեն համայնքի ղեկավար Ա. Գրիգորյանը խոչընդոտում է թեկնածուի քարոզարշավը, հաղորդում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Մասնավորապես` թեկնածուի նախընտրական շտաբի անդամները ցանկանում են քարոզչական պաստառներ փակցնել գյուղում, սակայն գյուղապետը գումար է պահանջում:
Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստվող նյութերի ընթացքում Վանաշենի գյուղապետ Ա. Գրիգորյանը բացատրություն է տվել, որ նկատելով անծանոթ անձանց, մոտեցել է` ճշտելու, թե ովքեր են: Վերջիններս ներկայացել են որպես ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անդամներ և հայտնել, որ ցանկանում են գյուղում քարոզչական պաստառներ փակցնել: Ա. Գրիգորյանը նրանց բացատրել է պաստառներ փակցնելու կարգը, որ նախօրոք պետք է դիմում ներկայացնեն և միայն դրանից հետո պաստառները պետք է փակցնեն դրանց համար նախատեսված տեղերում:
Սակայն շտաբի անդամները չեն համաձայնել նրա հետ` հայտարարելով, որ գյուղապետը խոչընդոտում է նրանց աշխատանքը: Գյուղապետը ներկայացրել է նաև 2012թ. դեկտեմբերի 17-ի որոշումը` քարոզչական պաստառներ փակցնելու համար տեղեր (3 հասցե) առանձնացնելու մասին:
Հ. Նորեյանը և մյուսները 25.01.2013թ. դրությամբ դեռևս չեն ներկայացել` բացատրություն տալու համար: Նրանք ծանուցագրով հրավիրվել են ոստիկանության բաժին:
Նյութերի վերջնական արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: