Սահմանադրական դատարանը ապրիլի 16-ին որոշում է կայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ։
Սահմանադրական դատարանից, մասնավորապես, տրամադրել են որոշման եզրափակիչ հատվածը։ Ըստ այդմ՝ ՍԴ-ն երեք կետով գտել է, որ վիճարկվող հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը։ Դրանցից երկուսով նշել է, որ հոդվածները համապատասխանում են հստակ մեկնաբանությամբ։ ՍԴ-ն եզրահանգել է, որ օրենքի իմաստով՝ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի՝ պաշտոնն ստանձնելու պահից հետո։ Մեկ այլ հոդված, որը վիճարկվել է, համապատասխանել է հետևյալ մեկնաբանությամբ՝ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։
Ներկայացնում ենք ՍԴ եզրափակիչ հատվածը․
«… Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց.
- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանը այն մեկնաբանությամբ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի՝ պաշտոնն ստանձնելու պահից հետո։
- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանը այն մեկնաբանությամբ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։
- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Դիմողի կողմից վիճարկվող մնացած դրույթները՝ դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումների շրջանակում, Սահմանադրությանը համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով համապատասխանում են Սահմանադրությանը։
- Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։
Օրենքի սահմանադրականության հարցը վիճարկում էր նաև պատգամավորների մեկ հինգերորդի կողմից։ ՍԴ-ն այն քննում էր ավելի քան 3 տարի։
Գլխավոր դատախազության տվյալներով՝ համապատասխան վարչության ձևավորումից հետո դատարաններում քննվող 136 հայցադիմումներով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 270 շարժական գույք,
- 1381 անշարժ գույք,
- 359 իրավաբանական անձանցում
մասնակցություն:
Դրամական պահանջը կազմում է ավելի քան 527 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր հայցագինը՝ շուրջ 600 միլիարդ դրամ: Առ այսօր կայացվել է ավելի քան 10 վճիռ, իսկ պետությանը վերադարձվել շուրջ 20 մլն դոլար։