Թբիլիսիում քննարկվել են հարավկովկասյան եռակողմ համագործակցության հեռանկարները

Թբիլիսիում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները ներկայացրել են համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ տեսլականները: Այս մասին ասված է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարությունների համատեղ հայտարարության մեջ։

Ապրիլի 17-ին Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։

Փոխնախարարների մակարդակով սա առաջին նման եռակողմ հանդիպումն է։

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման մեկնարկին Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը ողջունել են հարավկովկասյան երեք երկրների առաջին եռակողմ հանդիպումը և ընդգծել, որ երեք երկրներն ունեն միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վրա հիմնված համագործակցության չիրացված ներուժ։

«‎Հանդիպումը միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զրգացմանն ու բարգավաճմանը: Ավելին, այս ոլորտներում համագործակցությունը կարող է խթանել ընդհանուր մարտահրավերների հասցեագրումը և, ի վերջո, նպաստել Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության հաստատմանն ու արագընթաց զարգացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները փոխանակվել են մտքերով և համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ տեսլականներով»‎,- ասված է դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախարարությունից նաև հայտնում են, որ հանդիպման ավարտին, երեք երկրների փոխնախարարները կարևորել են հանդիպման դրական և կառուցողական միջավայրը, որը նախնական փուլ է՝ միտված վստահության ձևավորման և երկխոսության ավելի բարձր մակարդակում շարունակությանը:

Ապրիլի 12-ին Անթալիայում կայացել էր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Մակա Բոչորիշվիլիի և Ջեյհուն Բայրամովի խորհրդակցությունները։ Վրաստանի ԱԳ նախարարությունից հայտնում են, որ հենց այդ խորհրդակցությունների ժամանակ է սկիզբ դրվել երեք երկրների արտգործնախարարությունների եռակողմ հանդիպման նախաձեռնությանը։

Մեկնաբանել