Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցներ ապրիլի 16-ին տարածել են տեղեկություն, թե ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Հայաստանում տարեկան 20 մլն դոլար գումարով հովանավորում էր 180 բլոգերների։
Ըստ լրատվամիջոցների՝ տեղեկության աղբյուրը քաղաքագետ Արթուր Խաչիկյանն էր, որը Ֆեյբսուքում հանդես է գալիս Arthur Ian անունով։ Նա գրել էր. «…Ըստ վերջերս հայտնաբերված տեղեկատվության, ԱՄՆ USAID-ն հովանավորում էր մոտ … ուշադրության … ՀԱՐՅՈՒՐ ՈՒԹՍՈՒՆ բլոգերների Հայաստանում, տարեկան 20 միլիոն դոլար ընդհանուր գումարով (20,000,000 $)»:

Թեև օգտատերն այս տվյալների համար որևէ ապացույց չէր ներկայացրել, սակայն լրատվամիջոցները, ինչպես օրինակ՝ armday.am, pastinfo.am, 24news.am, lurer.com, asekose.am, politik.am, yerevan.today, 5-րդ ալիք և այլն, տարածել էին այն։
Այս տեղեկությունը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ էր դարձել, քանի որ ստացվում է, որ յուրաքանչյուր բլոգեր իբր ստացել է տարեկան շուրջ 111,000 դոլար, ինչը բավական մեծ թիվ է։ Ուշագրավ է, որ Arthur Ian-ն ավելի ուշ նույն գրառման մեկնաբանություններում և առանձին գրառմամբ հերքել է իր տարածած տեղեկությունները։
Օգտատիրոջ պնդումները հերքում են նրա իսկ կցած հղումները
Arthur Ian-ը պնդել է, թե հատկացվող գումարը ավելի շատ է և կցել է USAID-ի ֆինանսավորմամբ 2023-2028-ին թվականներին նախատեսված «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» բրոշյուրից հատված, որում ներկայացվում են 2024-ի դեկտեմբերի դրությամբ իրականացված ծրագրերը։

Սակայն հենց օգտատիրոջ ներկայացրած բրոշյուրում գրված է, որ 5-ամյա ծրագրի ընդհանուր բյուջեն 15 մլն դոլար է։ Այն նախատեսում է ոչ թե բլոգերների ֆինանսավորում, այլ մեդիայի ընդհանուր զարգացում, ինչպես նաև աջակցություն պետական և հանրային կառույցներին ու կազմակերպություններին։

Նույն թեմայով ավելի ուշ արված գրառման մեջ օգտատերը, կրկին ցավ հայտնելով, նշել է, թե նախկինում իր մեջբերած թվերը ճիշտ չէին, և «դրանք շատ ավելի ցածր էին»։
Նա մեջբերել է վերոնշյալ բրոշյուրից հատվածներ, թե 2024-ի դեկտեմբերի դրությամբ Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակում ինչ ծրագրեր են իրականացվել, և իր կողմից ավելացրել է. «Հայաստանում 6 ամսում ծախսվել է 247 մլն դոլար»։
Այս թիվը որևէ հիմք, ապացույց և իրականության հետ կապ չունի։ Անգամ նրա կցած բրոշյուրում հստակ նշված է, որ ամբողջ ծրագրի բյուջեն 15 մլն դոլար է։
Arthur Ian-ը մեկնաբանությունների մեջ տեղադրել է հղում, որում 2023-ի հոդված է, ըստ որի՝ Երևանում մեկնարկել է USAID-ի ֆինանսավորմամբ՝ Հայաստանի մեդիայի զարգացման 5-ամյա ծրագիրը` 15 մլն դոլար ընդհանուր բյուջեով, որից 4 մլն-ն է ուղղվելու գրանտներին։
Նշենք, որ այս ծրագիրը 2025-ի փետրվարից փաստացի դադարեցվել է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ USAID-ի ծրագրերն ամբողջ աշխարհում դադարեցնելու որոշումից հետո։
Արդյոք այս տեղեկությունները գաղտնի էին
Օգտատերը և լրատվամիջոցները գրել են այնպես, ասես այս տեղեկությունները գաղտնի են եղել կամ պահվել։ Մինչդեռ, օրինակ, USAID-ի կողմից Հայաստանի մեդիային աջակցելու ծրագիրը հանրահայտ փաստ է. դրա մեկնարկի, հատկացվող գումարների մասին բազմաթիվ անգամ հայտարարվել է։
2023-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հայտնել էր, որ 17,3 մլն դոլար կներդրվի Հայաստանի մեդիաոլորտում, որից 15 մլն ԱՄՆ դոլարը՝ ԱՄՆ ՄԶԳ-ից՝ «Մեդիա ծրագիր Հայաստանում» ծրագրի իրականացման համար, իսկ 2,3 մլն ԱՄՆ դոլարը՝ ԱՄՆ դեսպանության Հանրային դիվանագիտության գրասենյակից։
Բացի այդ, այս ծրագրերի մասով ապահովվում է մեծ թափանցիկություն. առկա է կայք, որի միջոցով հնարավոր է տեսնել, թե USAID-ն ինչ կազմակերպությունների և որքան է ֆինանսավորել և այլն։
Փորձեցինք կապ հաստատել Արթուր Խաչիկյանի հետ մեկնաբանություններ ստանալու համար, սակայն նա անհասանելի էր։
Արդյոք միայն մեդիան է գումարներ ստանում
Հայաստանն անկախությունից ի վեր մշտապես ստացել է արտաքին օգնություն։ Եթե խոսենք միայն ԱՄՆ-ի մասին, ապա 1992-ից ի վեր Միացյալ Նահանգները մոտ 3,3 մլրդ դոլար է տրամադրել Հայաստանի զարգացմանը։
Աջակցությամբ իրականացվող ծրագրերի ուղղությունները տարբեր են եղել։ 2011-ին, օրինակ, USAID-ն 27 մլն դոլար օժանդակություն էր տրամադրել Հայաստանին՝ աղքատության կրճատման, օրենքի գերիշխանության իրագործման, առողջապահական ծառայությունների և սոցիալական նպաստների հասանելիության, ինչպես նաև մասնավոր հատվածի և ենթակառուցվածքների հզորացման համար։
Իսկ 2024-ի ապրիլին հայտարարվել էր, որ USAID-ը կտրամադրի 33 մլն դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց, ամրապնդելու էներգետիկայի ոլորտը, պայքարելու պարենային անվտանգության բարձրացման համաև, խթանելու տնտեսական կայունությունը և այլն։
Այսպիսով, լրատվամիջոցներում տարածված պնդումները 180 բլոգերների տարեկան 20 մլն դոլարով ֆինանսավորման և Հայաստանում 6 ամսում 247 մլն դոլարի ծախսելու մասին անհիմն են, քանի որ USAID-ի «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» իրական բյուջեն 15 մլն դոլար էր ամբողջ հինգ տարվա համար։