2020-ի պատերազմում իմ հաշվարկը երկու ինքնաթիռ է խոցել. ՀՕՊ սպա

Հայկ Ղազարյան

ՍիվիլՆեթը ծավալուն զրույց է ունեցել մայոր Արամո Եգանյանի հետ։ 2016-ի մարտերի ժամանակ Եգանյանն Արցախում եղել է «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային մարտկոցի հրամանատարի տեղակալ, իսկ 2020-ի պատերազմի ժամանակ՝ «Տոր-Մ2» զենիթահրթիռային մարտկոցի հրամանատար։

Տե՛ս հարցազրույցի առաջին հատվածը՝ Ռուս մասնագետները չեն հավատացել, որ 2016-ին «Օսա»-ով անօդաչուներ ենք խոցել

Հարցազրույցի այս հատվածը ամբողջովին նվիրված է «Տոր-Մ2» զենիթահրթիռային համալիրին։ 44-օրյա պատերազմի ժամանակ Արամո Եգանյանը ընկերների հետ «Տոր-Մ2» մարտական մեքենայով 30 օդային նշանակետ է խոցել, ինչի համար արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի։

– Ինչու 2020-ի պատերազմի առաջին օրերին չեն խոցվել «Տոր»-երը։

– Այս հարցին հստակ պատասխան չկա։ Ամենահավանական տարբերակը, իմ վերլուծություններով, այն է, որ այդ սպառազինությունը նոր էր տեղափոխվել Արցախ՝ պաշտպանության բանակ, ու առաջին իսկ օրվանից տեղակայված էր եղել Շուշիի բրիգադում, որից հետո մարտին բերել էին Իվանյանի օդանանավակայանի անգարներ։

Իմ կարծիքով, «Տոր» դիվիզիոնի փրկվելու տրամաբանական բացատրության տարբերակներից է, որ այն նոր կազմավորված ստորաբաժանում էր, և Ադրբեջանը բավարար հետախուզական տվյալներ չուներ լիարժեք պատկեր ստանալու, թե «Տոր» դիվիզիոնի սպառազինությունը որտեղ է տեղակայված։ Մնացած բոլոր ՀՕՊ դիվիզիոններն առաջին իսկ վայրկյանից խոցման են ենթարկվել։

Նաև մեկ այլ տարբերակ եմ լսել, որ Ադրբեջանը խնդիր էր դրել, որ օդանավակայանի վրա հրետանի չկիռարի, այն հետագայում իր նպատակների համար օգտագործելու համար։

Այստեղ մնում է երկու տարբերակ, դրանցից մեկն է։

– Առաջին իսկ պահից հակառակորդը յուրային ՀՕՊ միջոցներ է խոցել, իսկ մեզ առաջին իսկ պահից ու օրերին հաջողվե՞լ է շարքից հանել հակառակորդի ԱԹՍ-ները։

– Մարտական գործողությունները սկսվելուն պես «Տոր» մարտական մեքենաներով Ստեփանակերտի անմիջական մոտակայքում մարտական դիրքեր են զբաղեցվել ու սկսվել է քաղաքի օդային պատսպարումը։

Այդ ամենը գերազանց է իրականացվել, որովհետև նշանակետ չկար, որ հարձակման առաջին փուլում կարողանար ճեղքել Ստեփանակերտի օդային տարածքը։ Համենայն դեպս, մեր ունեցած ուժերով դա բավական հաջող ստացվել է։ Ես առաջին իսկ վայրկյաններից Վազգենաշենի հատվածում զբաղեցրել եմ մարտական դիրք։ Առաջին նշանակետը այդտեղ խոցեցի, ապա մարտական դիրք փոխեցի՝ մոտ մի կիլոմետր բարձրացա ու այնտեղից նորից խոցում իրականացրեցի։ Հետախուզական ԱԹՍ-ներ ենք խոցել։

– Իսկ ի՞նչ էր կատարվում Արցախի այլ հատվածներում։

– Առաջին ժամերին խնդիր էր դրված Ստեփանակերտի օդային տարածքը պահել։ Նույն օրվա գիշերը խնդիր եմ ստանում մարտական դիրք զբաղեցնել Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի մոտկայքում։ Բավական լավ դիրք էր, ու լավ խոցումներ էինք իրականացնում։

– Այս գործողություններին դու մասնակցել ես որպես մարտկոցի հրամանատա՞ր։

– 44-օրյա պատերազմին, չնայած որ մարտկոցի հրամանատար էի, ոչ թե մարտկոցի հրամանտարի ֆունկցիոնալ պարտականություններ էի կատարում, այլ անմիջապես հաշվարկի պետի ֆունկցիա, որովհետև թեև կապի պահումը մարտական մեքենաների կարևոր է, բայց ավելի հեշտ փոխարինվող է, և այդ պահին ավելի արդյունավետ էր սպառազինության շահագործումը՝ խոցում իրականացնելը։ Իսկ ընդհանուր հետախուզական տվյալների փոխանցումը, խոցված նշանակետից տվյալների ստացումը կարող է իրականացնել ցանկացած մարդ, ով կապի միջոցների և ՀՕՊ ղեկավարման համակարգի մասին միջին գիտելիքներ ունի։

– Եթե ավելի շատ «Տոր»-եր ունենայինք, ի՞նչ կփոխվեր։

– Առնվազն մարդային կորուստները քիչ կլինեին, որ ամենակարևորն է։ Այն, ինչ չի հաջողվել կատարել մեր բնագծի ինչ-որ հատվածում, բնականաբար, եթե այդտեղ լիներ «Տոր» համալիր, վստահ ասում եմ, կիրականացվեր խոցում։ Բացառում եմ, որ խոցում չէր իրականացվի, իհարկե, խոսքը պատրաստված հաշվարկների մասին է։

Եթե լինեն ռեալ պատրաստված հաշվարկներ, պիտի մարտակարգ կառուցես, քարտեզի վրա տեղադրես, հաշվի առնես տվյալ տեղանքը, բարձրությունը, խոցման գոտիները, հասկանաս՝ համապատասխանում է տվյալ մարտակարգը նշված պահանջներին, թե ոչ, ապահովես այդ մարտական մեքենաների օղակների կապը։ Այս ամենը կառուցելուց հետո կարող ես թվերից խոսել, օրինակ՝ այ էս քանակի դեպքում մեզ կհաջողվեր բարձարցնել ՀՕՊ-ի արդյունավետությունը՝ նաև հաշվի առնելով կիրառված ավիացիայի միջոցները, մեր խոցումները, տարբեր հատվածում ունեցած խնդիրները։

– Մեզ «Տոր»-ի առնվազն քանի՞ ստորաբաժանում էր պետք, եթե հետահայաց նայենք 2020-ին։

– Սպառազինության արտադրողները միշտ նշում են, թե ինչ խնդիր է այն լուծում, ասենք՝ ինչ սպասել «Օսա-ԱԿ» մարտական մեքենայից։ Օրինակ այսպիսի սահմանում․ ««Օսա»-ի զենիթահրթիռային գունդը նախատեսված է մոտոհրաձգային դիվիզիայի պատսպարման համար՝ մարտական գործողությունների բոլոր փուլերում»»։

Նույն տրամաբանությամբ՝ այնտեղ, որտեղ ունեինք առաջնագիծ, հակառակորդի ավիացիայի թափանցման վտանգ կար։ Հաշվի առնելով առաջնագիծը և պաշտպանող ստորաբաժանումները, պետք է հասկանալ, թե տվյալ սպառազինությունը ինչ ձևով էր նախատեսված կիրառել մարտական կանոնագրքով։

Մեր ՀՕՊ-ը գործարկվում էր որպես օբյեկտային, ոչ թե զորային միջոց։ Զորային ՀՕՊ-ը դիվիզիայի կազմում է գործում, իսկ մեր ՀՕՊ-ը պաշտպանում էր կարևոր օբյեկտներ ու տվյալ հատվածի պատասխանատվության գոտին։ Մենք ունեինք առանձին ՀՕՊ զորամաս և հրամանատար, և չէինք ենթարկվում դիվիզիայի ՀՕՊ-ի պետին։ Սա զգալիորեն փոխում էր իրավիճակը։

– Իսկ դա պայմանավորված էր սուղ միջոցներո՞վ։

– Դա պայմանավորված է, ինչու չէ, նաև սուղ միջոցներով։ Երևի ամենահիմնավոր պատճառը դա էր։

– Կարո՞ղ եք թիվ ասել, թե ձեր հաշվարկը 2020-ին քանի թիրախ է ոչնչացրել։

– 30 օդային նշանակետ է ոչնչացրել, այդ թվում՝ երեք ինքնաթիռ, 28 ԱԹՍ։ Բայց այսպիսի մի խնդիր կար երրորդ ինքնաթիռի հետ կապված․ խոցումից հետո որևէ մաս պիտի գտնես այն գրանցելու համար։ Այդ երրորդը ինքնաթիռը երևի իրենց մոտ է ընկել, չի գրանցվել։ Կարող ենք գրանցվածով ասել՝ 28 ԱԹՍ, երկու ինքնաթիռ։

Երկու ինքնաթիռն էլ խոցվել է Հադրութի շրջանում։

– Ո՞րն է եղել քո հաշվարկի երթուղին։

– Ուղղությունը այսպիսին էր՝ Իվանյանից Վազգենաշեն (խմբ․՝ Աղդամի շրջան), Վազգենաշենից՝ Դրախտիկ-Ազոխ հատված, հետո՝ Հադրութ։ Հադրութի շրջանում տեղաշարժեր եղան՝ «9 ԿՄ»-ի, հիմանականում քաղաքում և քաղաքի մոտ։ Հադրութի անկումից հետո նորից՝ Դրախտիկ, ապա՝ Շուշի։ Մի երկու օր Գորիսում էի, Ս-300 դիվիզիոնի պատսպարման խնդիր էինք ստացել, և երկու-երեք օրը բավական հաջող անցանց։ Գորիսից հետո եկանք Ճարտար (խմբ․՝ Արամոյի հարազատ քաղաքը), հետո՝ 2-րդ պաշտպանական շրջանի Ըլըբալի. մարտական մեքենայիս առաջին խոցումս այդտեղ էր։

Երկրորդը պատերազմի վերջին օրն էր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 2-ին։ Առաջին անգամ խոցեցին հոկտեմբերի 25-ին։

Հաջորդ օրը [առաջին խոցումից հետո] այլ սպառազինությունով էի աշխատում։

Ընդհանրապես, վերանորոգումներ կատարվել են մարտական գործողությունների ժամանակ, բայց մասնակի․ եթե ինչ-որ մի տուրբին էր խոցված, մեկից տեղափոխում էինք մյուսի վրա։ Բայց մեծ վնասումները առանց գործարանի անհնար է վերանորոգել։

Լուսանկարը արվել է 2020-ի հոկտեմբերի 25-ին Վեյսալու տեղանքում (Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանի մատույցներ)։ Այդ նույն օրն էլ Եգանյանի մարտական մեքենան առաջին անգամ խոցվել է։

– Կարո՞ղ ես ավելի մանրամասն պատմել, թե ինչպես է տեղի ունեցել առաջին խոցումը։

– Վեյսալուից որոշում եմ կայացնում երթ կատարել՝ որպեսզի կարողանամ խոցել հակառակորդի ինքնաթիռը, քանի որ խոցման գոտի մտնելու հետ կապված խնդիր կար։ Առաջանում եմ, որ կարողանամ խոցել՝ անմիջապես Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանի զորամասի դիմաց և Ֆիզուլի տանող ճանապարհի հատվածում զբաղեցնում եմ մարտական դիրք։

Մարտական աշխատանքից հետո կատարում եմ երթ դեպի Ճարտար՝ նախորդ մարտական դիրքը զբաղեցնելու և մարտական մեքենան քողարկելու համար։ Երթի ընթացքում հակառակորդի «Բայրաքթարը» երեք անգամ փորձում է խոցել. առաջին հարվածը Վեյսալու կոչվող տեղամասում էր։ Մասամբ վնասվում է մարտական մեքենան, բայց շարունակում ենք երթը։ Երկրորդ հարձակումը Ճարտար մտնելիս էր։ Հրթիռ է արձակում, բայց չի կարողանում խոցել։ Հրթիռը մեքենայի մոտով է անցնում։

Եվ վերջում՝ Ճարտար մտնելիս և նախապես որոշած հատվածում կայանելուց և դուրս գալուց հետո, «Բայրաքթարը» ռումբ է գցում և մեքենայի դիմացի հատվածը շարքից հանում։ Զոհեր և վիրավորներ չեն լինում։

ՀՕՊ-ի կորուստները ինչպե՞ս են ազդել պատերազմի ընթացքի/արդյունքի վրա։

– Եթե սպառազինությունը խոցված չէ, ՀՕՊ-ը մարտական խնդիր է կատարում, օրինակ՝ փրկում է ինչ-որ հրետանային հաշվարկ, քաղաքացիական անձանց, պատսպարում առաջնագիծ, նվազեցնում կորուստներն ավիացիայից… բայց անհնար է, որ պատերազմի ելքը փոխեր, որ պատերազմը ավարտեր մեր հաղթանակով։ Դա անհեթեթություն է, ինքնախաբեություն։

Բայց էլի պիտի «Տոր»-երից խոսենք, թեև ես ի սկզբանե «Օսա»-ի մասնագետ եմ։ Սպառազինությունը, որով կարող էիր հանգիստ մարտի մեջ մտնել, ոչ թե խոցման 10:90 կամ 50:50 խոցման հավանականությամբ, «Տոր»-ն է։ Եթե ամեն ինչ գրագետ է կազմակերպվում, կարելի է ասել, որ հաջողությունը քոնն է։

– Կարո՞ղ ենք ասել, որ 44-օրյա պատերազմում «Տոր»-ն իրեն արդարացրել է։

– Քանի որ 44-օրյա պատերազմում «Տոր» զենիթահրթիռային համալիրով (ԶՀՀ) եմ մարտական աշխատանք իրականացրել, կարող եմ ասել, որ տվյալ սպառազինությունը Ադրբեջանի կողմից կիրառված ցանկացած տեսակի ու նշանակության ԱԹՍ-ների ու բանակային ավիացիայի՝ ուղղաթիռների, ու ինքնաթիռներ՝ հիմնականում՝ ՍՈՒ-25-ի համար շատ էֆեկտիվ աշխատում էր ու անվրեպ խոցում։ Ունե՛նք հստակ վիճակագրություն՝ ժամանակային, քանակական, ըստ տեսակների, ինչը մեզ իրավունք է տալիս ասել, որ տվյալ սպառազինությունը տվյալ թատերաբեմում ի վիճակի էր ցանկացած ավիացիա ոչնչացնել։ Այստեղ այլ հարց է հրթիռների, սպառազինության, մարդկային ռեսուրսի քանակը։ Մարդիկ են պետք, որոնք պատրաստ են փոխարինել տվյալ հաշվարկը, քանի որ ինքը նեղ մասնագիտություն է՝ վարորդների, օպերատորների առումով։

«Տորը» միանշանակ իրեն արդարացրել է, բայց ես չեմ ուզում քարոզել, որ հաջորդ պատերազմի համար պարտադիր պետք է գնել «Տոր»-եր։ Մենք համեմատում ենք այն սպառազինությունները, որ ունեցել ենք ձեռքի տակ՝ սովետական «Օսա»-ները, «Իգլաները», «Շիլկաներն» ու ռուսական «Տոր»-ը։

Հնարավոր է՝ վաղը Patriot կամ իսրայելական համակարգ բերեն, ու մենք հասկանանք, որ «Տոր»-րերն շատ ավելի ցածր արդյունավետություն ունեն։

Օրինակ, այդ նույն «Բայրաքթարները», որոնց մասին լեգենդներ են շրջանառվում, ոչ թե «Տոր»-ի համար է վտանգավոր, այլ առաջգնագծի, հրետանու։

– «Տոր» – Բայրաքթար» դիմակայության մեջ առաջինը հաղթո՞ւմ է։

– Այդ դիմակայության մեջ «Բայրաքթարը» ամենահեշտ խոցվող նշանակետն է, որովհետև ցածր արագություն ունի և բավական մեծ անդրադարձման մակերես, ինչը ՀՕՊ-ի համար վճռորոշ է։ Շատ հեշտ է հայտնաբերել ու խոցել մեծ մակերեսով ու ցածր արագությամբ նշանակետը։

Բայց քանի որ այն ձայն չի արձակում, ի տարբերություն «կամիկաձեների», հրետանավորներին կամ առաջնագծում կանգնածներին հնարավորություն չի տալիս պատսպարվել կամ ինչ-որ գործողություն իրականացնել։ Նույն «Տոր»-ի համար էլ է վտանգավոր [«Բայրաքթարը»], իհարկե, եթե այն չի բերվել «թիվ 1» պատրաստականության:

– Ձեր մարտկոցը կամ մեր «Տոր»-երը ինչքա՞ն «Բայրաքթար» են խոցել։ Կա՞ թիվ։

– Ընդհանուր չգիտեմ, բայց իմ հաշվարկը վեց «Բայրաքթար» է խոցել։ Տղերքն էլ են խոցել, բայց քանակը չեմ կարող ասել։ Ընդհանուր՝ Սու-25, Բայրաքթար, Harop, Orbiter: Կա ԱԹՍ, որ չեմ հասկացել, թե ինչ տեսակի է, որովհետև ես սիլուետով եմ տեսնում դրանք։

– Լսել եմ, որ «Տոր»-ի հրթիռների հետ կապված խնդիրներ կային։

– Ճիշտ է, հազվադեպ, բայց մարտական աշխատանքի ժամանակ եղել են դեպքեր, երբ հրթիռները նշանակետի վրա արձակելուց հետո պարզվել է դրանց անսարք լինելու մասին։ Դժվարանում եմ այս խնդրի իրական պատճառը նշել, բայց կարող եմ նշել հավանական անսարքության պատճառները։

Նախ անհրաժեշտ է պարզել, թե ոնց են այդ հրթիռները ձեռք բերվել, ինչ ճանապարհով և ինչ վիճակում էին մինչև Արցախ ժամանումը։ Ովքե՞ր էին զբաղվում նշված հրթիռների ձեռքբերման գործով, և արդյոք բավականաչափ տեղեկացվա՞ծ էին հրթիռների մարտական կիրառման հիմնական առանձնահատկություններից։ Դրանցից կարևորագույնը հրթիռների ֆիքսված հաճախություններն են, որոնք համաձայնեցվում են այն մարտական մեքենայի հետ, որի միջոցով դրանք պիտի արձակվեն։ Սա կարևորագույն դեր է խաղում մարտական խնդրի կատարման գործում, քանի որ առանց այդ փոխհամաձայնեցման խաթարվում է մարտական մեքենա–հրթիռ կապը։

Կարծում եմ, այս և նման հարցերի պատասխանները պետք է տան մարդիկ, որոնք կազմակերպել և զբաղվել են տվյալ սպառազինության հրթիռների ձեռքբերմամբ։

Տեսականորեն այդ մարդիկ պետք է ունենան այդ գործառույթն իրականացնելու անհրաժեշտ մասնագիտական և տեխնիկական գիտելիքները։

– Առնչվե՞լ եք այդ խնդրին։

– Մի քանի անգամ առնչվել եմ նման խնդրի, սակայն ավելի մանրամասն նշված խնդրի պատճառները սկսել եմ ուսումնասիրել պատերազմից հետո։

– Այսինքն, հրթիռների մի մասը նորմալ էր, մի մասը չէ՞։

– Հստակ կարող եմ ասել, որ հրթիռները, որոնք 2020-ին «Տոր» մարտական մեքենաների հետ տեղափոխվել են Արցախ, մարտական կիրառման ժամանակ որևէ խնդիր չեն առաջացրել։

Այստեղից էլ հետևություն, որ հրթիռների վերջին խմբաքանակը թե՛ որակապես և միգուցե նաև տեխնիկապես, տարբերվում էր մեր ունեցած հրթիռներից։

Ինչ վերաբերում է հրթիռների պաշարներին՝ իհարկե չեմ նշի պատերազմի առաջին իսկ օրվանից մեզ մոտ առկա հրթիռների ամբողջ քանակը։ Դրա կարիքն էլ չկա, սակայն հաշվի առնելով հակառակորդի ավիացիոն միջոցների կիրառման ինտենսիվությունը՝ կարծում եմ, քանակապես հրթիռները բավարար չէին մեզ երկարատև մարտ վարելու համար։

Չնայած այս բոլոր խնդիրներին՝ կարող եմ ասել, որ մեր հակաօդային պաշտպանության զորքերը հատուկ հարգանքի են արժանի, քանի որ կռվել են մի քանի անգամ գերազանցող, գերժամանակակից ավիացիոն ուժերի դեմ՝ խորհրդային արտադրության «Օսա-ԱԿ» և վեց միավոր ժամանակակից «Տոր» մեքենաներով։ Կցանկանայի նշել մեր տղաների գրանցած արդյունքները։ Օրինակ, մեր մարտական ընկեր Ռաֆիկ Օրդոյանին հաջողվեց «Օսա»-ով խոցել մեկ տասնյակից ավելի ԱԹՍ (խմբ․՝ բաց աղբյուրներում նշվում է 22 ԱԹՍ-ի մասին), ինչը ֆենոմենալ ձեռքբերում է։ Օրդոյանը, ցավոք, զոհվեց պատերազմի վերջին օրը։

Հաշվի առնելով մեր և հակառակորդի ուժերի հարաբերակցությունը և հակաօդային մարտում հակառակորդի ավիացիոն միջոցների կորուստները՝ կարելի է ասել, որ պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերը իրենց խնդիրը ոչ թե պարզապես կատարել, այլ նույնիսկ գերակատարել են։

Կապիտան Ռաֆիկ Օրդոյանը։ Լուսանկարը՝ ֆեսյբուքյան «Զինվորս – Zinvors» էջից։ Ռաֆիկը զոհվել է պատերազմի վերջին օրը։

– Մենք վեց «Տոր» ունեինք, որոնք խոցվում էին, բայց ընթացքում ստացել ենք նոր միավորներ, չէ՞։

– Այո, ստացել ենք չորս միավոր «Տոր» մեքենա, որոնք բավական լավ շահագործված էին։ Դրանք հասցրել են կիրառում ստանալ պատերազմում, բայց այդ մարտական մեքենաները բավական լուրջ խնդիրներ ունեին, քանի որ շատ շուտ խափանվում էին։ Դրանք թրթուրավոր բազայի վրա էին։ Դրանց ձեռքբերման ճանապարհը դարձյալ անհասկանալի էր։

– Ռուսաստանից չէի՞ն։

– Ռուսաստանից է, ամեն դեպքում, բայց հստակ չէր, թե ինչ ճանապարհով են ձեռք բերել։ Այդ «Տոր»-երի ձեռքբերման պատմությունը աղավաղված է, բայց ամեն դեպքում, էականը ոչ թե ճանապարհն է, այլ այն, թե ինչպես են աշխատել դրանք։ պատերազմից հետո դրանք, չեմ ասի թե համահավասար, բայց «Օսա»-ների կարգավիճակի «Տոր»-եր էին՝ մշտական անսարքություններով։ Հին ու բավական երկար շահագործված սպառազինություններ էին էլեկտրոնային հիմքի վրա, որոնք ունեն մոտոռեսուրսներ ու մշտական սպասարկում են պահանջում, ու նույնիսկ դրանից հետո էլի խնդիրներ են առաջացնում։

Մեկ «Տոր»-ի վրա՝ «Հարոփ», «Բայրաքթար» ու վերջում երկու ավիառումբ․ Արամոյի պատմությունը

– Այդ չորս «Տոր»-երը ե՞րբ բերեցին։ Մյուսները արդեն խոցվա՞ծ էին, երբ դրանք եկան։

– Բոլորը չէ, «Տոր»-երը միանգամից չեն շարքից հանվել։ Առաջինը անգամ սեպտեմբերի 29֊ին են, հետո հոկտեմբերի 12-ին, հոկտեմբերի 25֊ին և նոյեմբերի 9֊ին։ Ինտերվալներով էր, այնպես չէ, որ վեց «Տոր»-ը միանգամից խոցել են։ Վերջին «Տոր»-ը խփել են, ինչպես նշեցի, նոյեմբերի 9-ին ժամը երկուսի սահմաններում։ Վեցի հատի վրա էլ խփել են, բայց այնպես չէ, որ բոլորը շարքից դուրս են եկել․ «Տոր» է եղել, օրինակ, որ հետևի տուրբինի հատվածն է վնասվել կամ ալեհավաքը, և մեկի հաշվին մյուսի անսարքությունը վերացնում էինք։

Իսկ վերջինը՝ նոյեմբերի 9-ինը, ամենամասայական խոցման ենթարկված «Տոր»-ն էր։ Միակ տեսանյութն էր, որտեղ նրանք «Տոր» են խոցում։ Ցուցադրական տեսանյութ էին սարքել․ երբ հետախուզական ԱԹՍ նկարահանում է ու կոորդինատները փոխանցում։ Առաջինը գալիս է «Հարոփը» ու հարվածում «Տոր»-ի հետևի հատվածին, հաջորդը «Բայրաքթարն» է խփում ու վերջում՝ ՍՈՒ-25-ը երկու ավիառումբ է գցում։ Այդքանը րոպեների ընթացքում։

Նոյեմբերի 9-ին ադրբեջանական աղբյուրները տարածեցին Արամո Եգանյանի «Տոր» մարտական մեքենայի խոցումը՝«Հարոփով», «Բայրաքթարով» ու ավիառումբերով։

Դա Մարտունի մտնելիս «Բրոյլեր» կոչվող տեղանքում էր։ Ինձ չէին խոցի, եթե սխալ հետախուզական ինֆորմացիա չտային։ Ինձ փոխանցել էին, որ դա մեր ԱԹՍ-ն է։ Ինձ մոտ վիզուալ չէր երևում, որովհետև մի քիչ ամպամած էր ու պլյուս՝ հեռավորության հարց էլ կար։ Բայց ինձ մոտ ֆիքսած էր ու ավտոուղեկցման վերցրած։ Այսինքն՝ խոցելը խնդիր չէր։ Ես այդքան էլ չէի հավատում, ինչպես միշտ, բայց մի քանի տեղից նորից ինֆորմացիա է գալիս, նաև 3-րդ պաշտպանական շրջանից, որ հանկարծ չխոցես։ Դրանից հետո ավտոուղեկցումից հանում եմ։ Այդ պահին սպառազինության խնդիր կար, սկսեցինք սպասարկել, ֆիլտրն էինք փոխում։ Այդ ձայնից ֆիլտրը գցեցի, իջա ու մտա մոտակա շինությունը։ Բախտս բերեց, որ առաջինը հարվածային ԱԹՍ-ը խփեց։ Եթե հերթականությունը հակառակը լիներ, և սկզբից խփեր «Բայրաքթարը» ու ՍՈՒ-25-ը, ամբողջ հաշվարկը կզոհվեր։

Ցուցադրական էր, որովհետև «Հարոփի» հարվածից հետո այդ տեխնիկան ոչ մի խնդիր չէր կարող կատարել։ ՀՕՊ միջոցները այնքան խոցելի են, որ կարող են խափանվել անգամ բեկորի հարվածից, եթե այն կպնի տեխնիկական մասին։

2020-ի նոյեմբերի 7։ Երկու օր անց այս վայրում խոցվել է Արամոյի «Տորը»։

– Եթե հետախուզական տվյալները շփոթության մեջ չգցեին, հնարավոր կլինե՞ր փրկվել։

– Նշանակետը կխոցվեր, մարտական աշխատանքը կշարունակվեր, թե հետագայում ինչ ու ոնց կլիներ, դժվար է կանխատեսել։

– Ավիառումբի հարվածի պահին անձնակազմը հեռո՞ւ էր։

– Շատ հեռու չէինք, բայց բարձրացել էինք մոտ 200-300 մետր։ Այդտեղ քաղաքացիական անձ զոհվեց Գիշի գյուղից։ Այդ մարդը պահակ էր տեղանքում և Harop-ի հարվածից հետո փորձում է կրակը հանգցնել։ Ես էի ուզում հանգցնել, ասացի՝ մեծ մարդ ես, գործ չունես։ Ասաց՝ չէ, ես կօգնեմ։ Այնպես ստացվեց, որ «Բայրաքթարի» հարվածից հետո ինքը զոհվեց։ Էդ տուրբինի վրա ջուր շփողը մեզնից մեկը պիտի լիներ։ Այդ մարդն իր կյանքի գնով մեր հաշվարկից ինչ-որ մեկի կյանքը փրկեց։

Միգուցե նրանք մտածել էին, որ այդտեղ կային ավելի լուրջ կուտակումներ կամ ղեկավարման շտաբ, և միայն «Տոր» չէ։ Դրա համար էլ որոշել էին նաև ռումբ նետել՝ «Բայրաքթարից» ու Harop-ից հետո։

Հնարավոր է նաև՝ նմուշային վիդեո են սարքել՝ իրենց ավիացիայի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու, թուրքական «Բայրաքթարն» ընդդեմ ռուսական «Տոր»-ի գովազդելու։ Շատ նպատակներ կարող էին ունենալ։

Խմբ․՝ Այդ քաղաքացիական անձը Էռնեստ Ղարիբյանն էր։ «Այդ մարդն իր կյանքի գնով մեր հաշվարկից ինչ-որ մեկի կյանքը փրկեց»,- ասում է Արամո Եգանյանը։

– Մենք 2023-ին քանի՞ «Տոր» ունեինք և ի՞նչ կատարվեց դրանց հետ։

– Լիարժեք տեղեկություն չունեմ (խմբ․՝ Արամո Եգանյանը այդ ժամանակահատվածում ՀՕՊ զորքերի ծառայող չէր)։ Կարող եմ ասել միայն այն, ինչ գիտեմ։ Մի «Տոր» պատերազմի վերջին ժամերին, երբ շրջափակման վտանգ կար, մերոնք գոնե լավ է, վառեցին։ Մի «Տոր» խփվել է, ի դեպ, բայց մինչև հիմա պարզ չէ, թե ինչով, որովհետև շատ մեծ ծավալի հարված են հասցրել՝ բոքսերն ու անգարը լրիվ ավերվել է։

Իսկ ինչ մնացել է, խոսակցություն կա, որ ռուսներն ասել են՝ այդ սպառազինությունն այդտեղից հանելու են։ Բայց դրանց հետագա ճակատագիրը չգիտեմ։

– Մի հա՞տ էր մնացել։

-Քանի որ հստակ տեղեկություն չունեմ, չեմ կարող ասել։

– Իսկ դրանք թիրախներ խոցե՞լ են 2023-ի պատերազմում։

– Ո՛չ։ Չեմ կարծում, որ բերված էին մարտական պատրաստականության, որովհետև մեկն անմիջապես բոքսի մեջ է խփվել։

Կարդացե՛ք նաև՝

Ռուս մասնագետները չեն հավատացել, որ 2016-ին «Օսա»-ով անօդաչուներ ենք խոցել․ ՀՕՊ զորքերի սպա

Մեկնաբանել