Ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2012 թվականի հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 010-53-32-73 հեռախոսահամարով, որի մասին նախապես զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է հայտարարություն. տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:
2013 թվականի հունվարի 9-ից մինչև հունվարի 29 ընկած ժամանակահատվածում ստացվել է 79 հաղորդում:
Հաղորդումներից 3-ը Հայաստանի Հանրապետությունից դուրս մահացած անձանց վերաբերյալ են, որոնց մասին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից սահմանված կարգով տեղեկատվություն չի ստացել: Վերջնական ցուցակները հրապարակելիս մահացածների անհատական տվյալներն ընտրողների ռեգիստրում չեն լինի:
Ընտրացուցակում անձի անհատական տվյալների բացակայության վերաբերյալ ստացվել է 1 հաղորդում: Ստուգմամբ պարզվել է, որ քաղաքացին հաշվառվել է 17.01.2013 թ.` ընտրացուցակները հրապարակելուց հետո: Վերջինիս պարզաբանվել է ՀՀ օրենսդրության պահանջները և տեղեկացվել, որ վերջնական ցուցակները հրապարակելիս տվյալներն առկա կլինեն ընտրողների ռեգիստրում:
Հաղորդումներից 11-ով հայտնվել են տեղեկություններ սեփականատեր չհամարվող անձանց բնակելի տարածությունում հաշվառման մեջ մնալու կապակցությամբ: Քաղաքացիներին պարզաբանվել են ՀՀ օրենսդրության պահանջները բնակելի տարածության նկատմամբ օգտագործման կամ սեփականության իրավունք չունեցող անձին հաշվառումից հանելու ընթացակարգի վերաբերյալ:
«Թեժ գիծ» ծառայությունում ստացված մյուս զանգերով պահանջվել են ընտրական գործընթացին չվերաբերող խորհրդատվություններ: