Գյումրիում 4 անձ դատարանի առաջ կկանգնի՝ ընտրակաշառքի գործով

Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներ են ներկայացվել 4 անձի: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։ Նրանց նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք: Մեղադրյալները ճանաչել են իրենց մեղքը և տվել են խոստովանական ցուցմունքներ:

Նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունները, և նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն կոմիտեում հետաքննվող քրեական գործերից մեկի համաձայն՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն խախտել է բարեգործության արգելքը: Նա Գյումրիի բնակչին խոստացել է ֆինանսավորել նրա պարային խմբի համար հագուստների պատրաստումը և ձեռքբերումը, ինչպես նաև խմբի կահավորման այլ ծախսերը՝ կուսակցության միջոցների հաշվին:

Մեկ այլ քրեական գործով պարզվել է, որ Գյումրիի մի բնակիչ, այլ անձանց հետ համաձայնեցված, երկու ընտրողի դրամական միջոց է խոստացել՝ իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար: Ընտրողները համաձայնվել են: Նույն անձը պայմանավորվել է այդ ընտրողների հետ՝ այլ ընտրողների նույնպես դրամ առաջարկելու մասին, և նրանք հավաքել են մի շարք քաղաքացիների անձնական տվյալներ՝ ընտրակաշառք առաջարկելու նպատակով:

Մեկնաբանել