«Թալանը հետ բերելու համար» Սամվել Շահրամանյանը պատրաստ է գնալ գլխավոր դատախազի մոտ

Մի խումբ արցախցիներ այսօր ակցիա են իրականացրել Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ՝ պահանջելով իրավական ճանապարհով վերադարձնել «Արցախից թալանված գումարները» և դրանք ուղղել արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Ակցիայի մասնակիցները հանդիպում էին պահանջում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ՝ ներկայացնելու իրենց պահանջները և ակնկալելով նրա աջակցությունը։

Շահրամանյանը դուրս եկավ և լսեց ակցիայի մասնակիցների պահանջը, այնուհետև հայտարարեց, որ իրենք հնարավորություն չունեն լուծելու արցախցիների սոցիալական խնդիրները։ Շահրամանյանը հիշեցրեց, որ այդ պարտավորությունն իր վրա է վերցրել Հայաստանի կառավարությունը։

Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ ընդհանուր առմամբ 467 մլն դոլար է թալանվել Արցախի ներդրումային հիմնադրամից։ Արցախի ներկայացուցչության մոտ հավաքված արցախցիները Շահրամանյանից պահանջում են գնալ դատախազություն և իմանալ, թե ինչ փուլում է 1,5 տարի առաջ հարուցված քրեական գործը։ Ի պատասխան այս պահանջի՝ Շահրամանյանը նշեց, որ պատրաստ է գնալ գլխավոր դատախազի մոտ, եթե ակցիայի մասնակիցները ներկայացնում են բոլոր արցախցիների պահանջը։

«Եթե դուք ներկայացնում եք Արցախի ամբողջ ժողովրդին, ես պատրաստ եմ ձեզ հետ գալ գլխավոր դատախազի մոտ։ Ես հրավիրվել եմ հարցաքննության, եղել եմ վկայի կարգավիճակով։ Այդ ժամանակ առգրավվել են Ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները։ Ընդհուպ մինչև 1000 դրամ իրենք գիտեն, թե ինչ է կատարվել Արցախի այդ հիմնադրամում։ Այդ քրեական գործի շրջանակում նաև Արցախի պետական պաշտոնյաներ են հարցաքննվել, այդ թվում՝ հենց հիմնադրամի տնօրենը։ Վերջերս իրավապահ մարմիններին հորդորել ենք ակտիվացնել այդ ուղղությամբ տարվող գործողությունները»,- ասաց Շահրամանյանը։

Դատախազի մոտ գնալու նպատակն, ըստ Շահրամանյանի, իրավական ճանապարհով թալանածը հետ բերել է։ «Թող այդ գումարներն ուղղվեն Հայաստանի պետբյուջե, որտեղից էլ կբավարարեն Արցախի ժողովրդի սոցիալ տնտեսական պահանջները»,- ասաց Շահրամանյանը։

Մեկնաբանել