Թուրքիան իր բնական դաշնակիցներից՝ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրներից ակնկալում է Կիպրոսի թուրքական հատվածի՝ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» միջազգային ճանաչում։ Այդ մասին ապրիլի 15-ին Ադրբեջանում հայտարարել է Թուրքիայի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը՝ Բաքվում մասնակցելով «Թյուրքական պետությունների խորհրդարանական ասամբլեայի» պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովների նիստին։
Աքարը, որը 2018-2023-ին եղել է Թուրքիայի պաշտպանության նախարարը, նիստի ժամանակ թյուրքական կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ճանաչել Կիպրոսի թուրքական հատվածը որպես անկախ պետություն՝ այն հավասար հարթության վրա դնելով Կիպրոսի հունական հատվածի՝ Կիպրոսի Հանրապետության հետ։ Բացի այդ, Աքարն այդ հարցում հիշատակել է Ղարաբաղը, բայց ոչ թե Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի համատեքստում, այլ Կիպրոսի թուրքական հատվածի հարցում Անկարայի շահերն առաջ տանելու համար։
«Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը թյուրքական աշխարհի անբաժանելի մասն է և հավատում եմ, որ Ղարաբաղի հարցի շուրջ ցուցաբերած համերաշխությունը կկիրառվի նաև այս արդար գործի համար, որպեսզի հասնենք նրա միջազգային ճանաչմանը»,- ընդգծել է Աքարը։
Թուրքիայի համար Հյուսիսային Կիպրոսի հարցը, մասնավորապես, 1974 թվականից ի վեր, երբ թուրքական զինված ուժերը մուտք են գործել այդ տարածք, մշտապես ուշադրության առարկա է եղել։ Այն հասկանալի պատճառներով սրել է ՆԱՏՕ-ի անդամ երկու պետության՝ Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները։ Անկարան պարբերաբար հարցին միջազգային հնչեղություն է փորձել հաղորդել՝ հասնելու Կիպրոսի թուրքական հատվածի միջազգային ճանաչմանը, սակայն մինչև օրս՝ ապարդյուն։ Ավելին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թիվ 541 (1983) և թիվ 550 (1984) երկու բանաձևերով հրաժարվել է ճանաչել «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»։
Հյուսիսային Կիպրոսի հիմնախնդրի քննարկումը վերջին օրերին նորից ակտիվացել է Թուրքիայում՝ դառնալով տեղական լրատվադաշտի ամենաքննարկվող և զգայուն թեմաներից մեկը։ Ինչո՞ւ է Անկարան հիմա որոշել իր դաշնակիցների առջև դնել Կիպրոսի թուրքական հատվածի ճանաչման հարցը։
Ապրիլի 4-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվեց Կենտրոնական Ասիա-Եվրամիություն համաժողովը, որի արդյունքում կողմերը միմյանց հարաբերությունները բարձրացրին ռազմավարական գործընկերության մակարդակի։
«Պատմական և աննախադեպ» անվանումները ստացած համաժողովին, բացի Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարներից, մասնակցում էին Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչները՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան և Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Համաժողովի «պատմականությունն» այն է, որ Եվրամիությունը պատրաստվում է փոխշահավետ պայմանների հիման վրա 12 միլիարդ եվրոյի ներդրումներ անել Կենտրոնական Ասիայում, ինչը ենթադրում է ենթակառուցվածքների զարգացում, հազվագյուտ օգտակար հանածոների ուղղությամբ աշխատանքներ, ջրաէներգետիկ համակարգերի խնդիրների լուծում և այլն։
Թուրքական դաշտում միանգամից ուշադրություն դարձրին այն փաստին, որ Կենտրոնական Ասիայի երկրները համագործակցության շրջանակում համատեղ հայտարարությամբ ընդունել են Եվրամիության առաջ քաշած մի քանի սկզբունքներ, որոնք վերաբերում են երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին ՄԱԿ-ի կանոնադրությանը, հատկապես թիվ 541 (1983) և թիվ 550 (1984) երկու բանաձևերին, որոնք օրինական չեն համարում թուրքական ուժերի տիրապետությունը Կիպրոսում։ Այլ կերպ ասած՝ համաժողովի արդյուքներով Կենտրոնական Ասիայի երկրները ընդունում են Կիպրոսի (հունական հատվածի) տարածքային ամբողջականությունը։ Բացի այդ, թուրքական կողմում բացասաբար է ընդունվել նաև այն, որ թյուրքական առաջատար երեք երկիր՝ Ղազախստանը, Ուզբեկստանն ու Թուրքմենստանը որոշել են դեսպանություններ բացել Կիպրոսի Հանրապետությունում՝ մի քայլ որից խուսափում էին այսքան ժամանակ։
Թյուրքական պետությունների կազմակերպության նշանակությունը Անկարայի համար
Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև հարաբերությունները պայմանականորեն որակական նոր հարթություն տեղափոխվեցին 2020-ի արցախյան պատերազմից հետո։ Պատերազմում ադրբեջանական կողմին ցուցաբերած թուրքական աջակցությունը էականորեն ուժեղացրեց Անկարայի դիրքերը ոչ միայն Ադրբեջանում, այլև Կենտրոնական Ասիայի երկրներում (բացառությամբ թերևս՝ իրանալեզու Տաջիկստանից)։
Ասվածի վառ արտահայտումներից մեկն այն էր, որ թուրքական կողմի ջանքերով 2021-ին «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը» վերաանվանվեց «Թյուրքական պետությունների կազմակերպության»։ Խորհրդից կազմակերպության անցումը ինքնին ավելի լուրջ քաղաքական մակարդակ է ենթադրում, որտեղ առանցքային դերակատարում է վերապահված Թուրքիային։ Անկարան ներկայում այդ կազմակերպության շնորհիվ է զարգացնում իր կապերը կենտրոնասիական պետությունների հետ, ինչը ենթադրում է նաև մի շարք ինտեգրացիոն գործընթացներ։
Թուրքիան այդ կազմակերպությունը նաև դիտարկում է հարթակ՝ միջազգային հնչեղություն հաղորդելու Կիպրոսի թուրքական հատվածին, և նրա ջանքերով այդ քաղաքական միավորը 2022-ին դարձել է Թյուրքական պետությունների կազմակերպության դիտորդ անդամ։ Սակայն Սամարղանդի համաժողովում ընդունված հայտարարությունը ենթադրում է, որ Կիպրոսի թուրքական հատվածի միջազգային հնչեղությունը կազմակերպության շրջանակներում առնվազն անորոշ ընթացք է ստանալու։
Ադրբեջանի դիրքորոշումը Կիպրոսի թուրքական հատվածի խնդրում
Թյուրքական պետությունների կազմակերպությունում Թուրքիայի համար առանցքային նշանակություն ունի Ադրբեջանը, որի հետ Անկարան ունի երկկողմ սերտ կապեր։ Սակայն անգամ Բաքուն Ղարաբաղյան պատերազմից հետո խուսափում է ճանաչել Հյուսիսային Կիպրոսը որպես անկախ պետություն։ Մեծ հավանականությամբ Կիպրոսի հարցը Անկարա-Բաքու հարաբերությունների ոչ այնքան հարթ թեմաներից է համարվում։
Ադրբեջանը, ի տարբերություն թյուրքական մյուս պետությունների, փորձում է հարցին հնարավորինս դիվանագիտորեն մոտենալ։ Վերջերս այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի Դիվանագիտական ակադեմիայի համաժողովին հայտարարել էր, որ «լիարժեք կանգնած է Կիպրոսի թուրքական հատվածի կողքին»՝ մեղադրելով Եվրամիությանը Հյուսիսային Կիպրոսի հանդեպ երկակի ստանդարտներ կիրառելու ու անարդար վարվելու մեջ»։ Նա վերահաստատել էր Բաքվի պատրաստակամությունը աջակցելու «Հյուսիսային Կիպրոսի միջազգային ճանաչման գործին»։
Այնուամենայնիվ, թե՛ Թուրքիայում, թե՛ Կիպրոսի թուրքական հատվածում, որքան էլ առերևույթ շնորհակալ են Բաքվին Կիպրոսի խնդրի հարցում իր աջակցության համար, միևնույն է, ակնկալում են Բաքվից անկախության ճանաչում։ Թուրքիայում ավելի հաճախ են խոսում Ադրբեջանից իրենց ակնկալիքների մասին։ Հետևաբար Հուլուսի Աքարի ելույթը Բաքվում վկայում է այն մասին, որ Անկարան Կիպրոսի թուրքական հատվածի ճանաչման գործընթաց է ակնկալում ոչ միայն Կենտրոնական Ասիայի թյուրքական պետություններից, այլև Ադրբեջանից՝ հաշվի առնելով Ղարաբաղյան հակամարտությունում Բաքվին ցուցաբերած լայն աջակցությունը։