Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Չինաստանի առնվազն 155 քաղաքացի Ռուսաստանի կողմից կռվում է Ուկրաինական պատերազմում։
Զելենսկու հայտարարությունը հաջորդեց դրանից երկու առաջ շաբաթ չինացի երկու մարտիկների գերեվարմանը։ Դա Կիևի առաջին պաշտոնական մեղադրանքն էր Չինաստանին, որ նա Ռուսաստանին մարդուժ է մատակարարում։
Ապրիլի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում Զելենսկին, վկայակոչելով իր կառավարության հավաքագրած տեղեկատվությունը, կրկնել է պնդումը, որ Չինաստանի «շատ ավելի» քաղաքացիներ են ներգրավված հակամարտության մեջ։
Ի պատասխան Զելենսկու հայտարարության՝ Չինաստանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ «համապատասխան կողմերին խորհուրդ է տալիս ճիշտ և սթափ ընկալել Չինաստանի դերը և անպատասխանատու հայտարարություններ չանել»:
«Չինաստանը ո՛չ ուկրաինական ճգնաժամի ստեղծողն է, ո՛չ էլ դրա մասնակիցը: Մենք ճգնաժամի խաղաղ կարգավորման ամուր աջակից և ակտիվ ջատագով ենք»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը:
Նա կրկնել է ավելի վաղ հնչած մեկնաբանությունը, որտեղ ակնարկ կար, թե Ռուսաստանի համար կռվող չինացի զինվորները դա անում են իրենց անձնական կարգավիճակով:
Լին Ցզյանն ասել է, որ Չինաստանը «միշտ պահանջել է իր քաղաքացիներից հեռու մնալ զինված հակամարտության տարածքներից և խուսափել ցանկացած ձևով զինված բախումների մեջ ներգրավվելուց, հատկապես խուսափել որևէ կողմի ռազմական գործողություններին մասնակցելուց»:
Պեկինը նախկինում հերքել է, որ իր շատ քաղաքացիներ կռվում են Ռուսաստանի համար՝ ընդգծելով, որ պնդումը «փաստացի հիմք չունի»:
Զելենսկին, մինչդեռ, հայտարարել էր, որ Դոնեցկի շրջանում ուկրաինական ուժերը կռվել են վեց չինացի զինվորների դեմ և երկուսին գերեվարել: Ռուսաստանը հրաժարվել է մեկնաբանել սա:
Զելենսկին լրագրողներին ասել է, որ «չինական հարցը լուրջ է»:
«Կա 155 մարդ՝ ազգանուններով, անձնագրային տվյալներով՝ Չինաստանի 155 քաղաքացի, որոնք կռվում են ուկրաինացիների դեմ Ուկրաինայի տարածքում»,- ասել է նա: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանը չինացիներին հավաքագրում է սոցիալական ցանցերում, և «պաշտոնական Պեկինը գիտի այդ մասին»:
Ըստ Զելենսկու՝ ենթադրյալ նորակոչիկները վերապատրաստում են անցնում Ռուսաստանում։ Նախքան Ուկրաինայի ռազմադաշտ ուղարկվելը՝ նրանք ստանում են միգրացիոն փաստաթղթեր և վարձատրություն:
Զելենսկին X-ում տեղադրել է տեսանյութ, որն ըստ նրա գերեվարված երկու չինացի զինվորների հարցաքննություն է:
Մանդարին չինարենով զինվորները նկարագրում են իրենց անցյալը և թե ինչպես են գերի ընկել:
«Առաջին անգամ եմ ծառայության մեջ և առաջին անգամ եմ մարտում: Մինչ այդ երբեք չէի կրակել»,- ասում է նրանցից մեկը՝ հավելելով, որ գերի է ընկել ռուս զինվորի հետ միասին:
Մյուսը նշում է, որ ինքը մի խմբում էր, որում կար ևս երկու չինացի զինվոր՝ նախքան քաոսի մեջ իրարից բաժանվելը: «Բոլորը ցրվեցին, չգիտեմ՝ մահացել են, թե ոչ»,- ասում է նա:
Զելենսկին X-ում գրել է. «Ուկրաինան գտնում է, որ ագրեսիվ պատերազմի ընթացքում Ուկրաինայի տարածքում թշնամական գործողություններում Չինաստանի քաղաքացիների նման բացահայտ ներգրավվածությունը պատերազմի ընդլայնմանն ուղղված միտումնավոր քայլ է, և ևս մեկ ապացույց է, որ Մոսկվան պարզապես պատերազմի երկարաձգման կարիք ունի»:
Նա կոչ է արել ԱՄՆ-ին և մնացյալ աշխարհին արձագանքել դրան:
Վաշինգտոնը հայտարարել է, որ Ռուսաստանի համար կռվող չինացիների մասին հաղորդումները «անհանգստացնող են»:
Ուկրաինան նախկինում հարցականի տակ էր դրել Չինաստանի հայտարարած չեզոք դիրքորոշումը: Զելենսկին պնդել էր, որ Պեկինը մատակարարում է «տարրեր, որոնք Ռուսաստանի զինանոցի մաս են կազմում», և կոչ էր արել Չինաստանին «հետևողական» լինել իր դիրքորոշման մեջ:
ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրել է Ռուսաստանին ավելի շատ զինամթերք, զրահապատ մեքենաներ և հրթիռներ արտադրելու գործում օգնելու մեջ: Չինաստանը նաև կասկածվում է Ռուսաստանին երկակի նշանակության տեխնոլոգիաներ մատակարարելու համար, որոնք կարող են օգտագործվել թե՛ առևտրային, թե՛ ռազմական նպատակներով, ինչպիսիք են համակարգչային չիպերը և անօդաչու թռչող սարքերը:
Թեև Պեկինը և Մոսկվան սերտ քաղաքական և տնտեսական դաշնակիցներ են, Չինաստանը փորձում է իրեն ներկայացնել որպես հակամարտության մեջ չեզոք կողմ և պարբերաբար հերքում է Ռուսաստանին ռազմական սարքավորումների մատակարարումը։
Նա պաշտպանում է Մոսկվայի հետ իր առևտուրը՝ ասելով, որ չի վաճառում մահաբեր զենք և «օրենքների ու կանոնակարգերի համաձայն խելամտորեն կառավարում է երկակի նշանակության ապրանքների արտահանումը»:
Ռուսաստանի համար կռվող չինացի զինվորների մասին մեղադրանքները հնչում են Ռուսաստանի Կուրսկի մարզում երկու վիրավոր հյուսիսկորեացի զինվորների գերեվարումից հետո: