«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը հերթական հոդվածն է հրապարակել՝ «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերը պետք է գաղտնի պահել Թուրքիայից» վերնագրով: Հոդվածը՝ Ռուզաննա Ավագյանի թարգմանությամբ, ներկայացված է ստորև:
Գաղտնիք չէ, որ հայկական համայնքներն ամբողջ աշխարհում զբաղված են բազմաթիվ ծրագրերի մշակմամբ 2015 թվականի Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ:
Գաղտնիք չէ նաև, որ Թուրքիայի կառավարությունը և նրա գործակալները ուշադրությամբ հետևում են հայտարարված բոլոր հայկական ծրագրերին, որպեսզի Անկարան կարողանա իր հակաքայլերը ձեռնարկել ընդդեմ ակնկալվող հայկական «ցունամիի»:
Ցեղասպանության հարյուրամյա տարելիցից երկու տարի առաջ իրենց ծրագրերը հրապարակելով, հայերը թուրք ժխտողականներին կապահովեն արժեքավոր տեղեկություններով և բավարար ժամանակով՝ որոշելու, թե ինչպես լավագույնս խափանել հայկական ոգեկոչման միջոցառումները:
Հայերը պետք է հասկանան, որ իրար հաջորդող թուրքական կառավարությունները Ցեղասպանության ժխտման երկարատև պատմություն են ունեցել: Ըստ էության, Ցեղասպանության ոճրագործությունը և դրա քողարկումը գրեթե մեկ դար առաջ միաժամանակ մշակվել էին երիտթուրքերի վարչակարգի կողմից: Բացի այդ, Թուրքիան, որպես հզոր պետություն, ձգտում է և պատրաստ է իր զգալի միջոցներն օգտագործել ամբողջ աշխարհում հայկական քաղաքական նախաձեռնություններին հակահարված տալու համար: Անկարան պարբերաբար ճնշում է, սպառնում և անգամ շանտաժի ենթարկում բոլոր մարդկանց, կազմակերպություններին և պետություններին, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանության իրողությունը:
Մի փոքրիկ օրինակ բերեմ, թե ինչպիսի ժխտական զարգացումներ կարող են լինել ապագայում: Նկարահանման մի խումբ վերջերս հայտարարեց, որ մտադիր է մի կարևոր ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին՝ Միշել Ահարոնյան Մարքոմի «Դրախտից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա: Անցյալ ամիս Ստամբուլ կատարած այցելության ժամանակ Ֆիլմի պրոդյուսեր Սոնա Թաթոյանը հարցազրույց էր տվել թուրքական թերթին, հավանաբար, անտեղյակ լինելով Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաներին թուրքական լրատվամիջոցների տխրահռչակ խեղաթյուրումների մասին: Թաթոյանի բախտը բերել է, որ նա հարցազրույց էր տվել Թուրքիայի հեղինակավոր թերթերից մեկին՝ «Ռադիկալ»-ին, որը հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ազատական հայացքներով: Սակայն, նույնիսկ այս դեպքում, «Ռադիկալ»-ի նյութում առկա էին որոշ փոքր աղավաղումներ: Դրությունն է’լ ավելի վատ էր Թաթոյանի հարցազրույցի անգլերեն թարգմանությունում, որը կատարվել էր քիչ ճանաչում ունեցող Al-Monitor կայքի կողմից, որտեղ լրջորեն խեղաթյուրվել էին նրա տեսակետները:
Օրինակ, «Ռադիկալ» թերթին Թաթոյանի հայտարարությունը, որ ցեղասպանության զոհերի ոսկորները դուրս էին ցցվել Սիրիայի Դեր Զոր և Ռաս ալ Այն անապատների ավազներից, խեղաթյուրվել էին Al-Monitor կայքի կողմից որպես. «Մենք փշրում էինք գանգերը և նետում ոսկորները»: Դրանից ավելի վատ՝ Al-Monitor-ը կեղծ մեջբերում է արել Թաթոյանից՝ նշելով, որ «Նրանք [հայերը] պետք է մոռանան Ցեղասպանությունը»: Իրականում նա ասել էr. «Խաղաղության կնքումը Անատոլիայի հետ, թուրքերի հետ, չի նշանակում մոռանալ Ցեղասպանությունը կամ հանդուրժել թուրքական ժխտողական քաղաքականությունը»:
Բնականաբար, Թաթոյանը վշտացած էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր խոր համոզմունքների աղավաղումների համար: «Ասպարեզ» թերթին տված իր հարցազրույցում, նա կտրականապես հերքել էր, որ երբևէ հայերին ասած լինի մոռանալ Ցեղասպանությունը. «Ես նման հայտարարություն չեմ արել: Ինչպե՞ս կարող էի: Ինչպե՞ս կարող էի նման բան ասել հարցազրույցում Հայոց ցեղասպանության ֆիլմի մասին, երբ ինքս եմ օգնում դրա ստեղծմանը»:
Քանի որ Al-Monitor կայքի հոդվածը եղել է անգլերեն լեզվով, ապա օտար ընթերցողների մեծ մասը կարդացել էր Թաթոյանի հարցազրույցի աղավաղված տարբերակը, որը լայնորեն տարածվել էր համացանցում: Շատ ընթերցողներ ահավոր հիասթափություն էին ապրել՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա անունից ներկայացված հայացքների պատճառով: Սա լուրջ հարված է Թաթոյանի ջանքերին, քանի որ մեծ ֆիլմերի ստեղծումը շատ ծախսատար է, որը հսկայական ներդրումներ է պահանջում: Երբ հավանական ֆինանսական աջակիցները երես թեքեն, դա կործանարար ազդեցություն կարող է ունենալ նրա ծրագրի իրագործման վրա:
Սակայն Թաթոյանը շարունակում է հավատարիմ մնալ իր ֆիլմի ծրագրին: Նա գիտակցում է, որ «ֆիլմի արտադրության ժամանակ մշտապես փորձեր են արվելու մեր ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության մասին պատմական ծավալուն կարևոր ֆիլմ նկարահանելու նպատակից: Նման փորձերին դիմակայելու լավագույն ուղին ֆիլմի վրա կենտրոնանալն է և այն աշխարհին ցույց տալու համար նկարահանելը: Ֆիլմը խոսում է իր մասին», ասել է նա «Ասպարեզին»:
Պարզ չէ, թե արդյոք Թաթոյանի հարցազրույցի աղավաղումը վատ թարգմանության հետևանք է, թե միտումնավոր է արվել Հայոց ցեղասպանության մասին պատմող կարևոր կինոնկարը վարկաբեկելու նպատակով: Այնուամենայնիվ, այսօրվանից մինչև 2015 թվականի Ապրիլի 24-ը, հայերը կարող են բախվել բազմաթիվ թուրքական չարակամ ծրագրերի՝ Թուրքիայից արդարություն պահանջող հայկական նախաձեռնությունները տապալելու համար:
Հայերը զգոն և շրջահայաց պետք է լինեն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ իրենց ծրագրերը հրապարակելիս: Հատուկ միջոցառումների և ծրագրերի նախաձեռնման փուլերում շատ քիչ մանրամասներ պետք է բացահայտել հանրությանը: Պետք է թուրքական կառավարությանը հնարավորինս հեռու պահել նախատեսված հայկական միջոցառումների մասին տեղեկացված լինելուց, որպեսզի Անկարան վաղօրոք տեղեկություններ և ժամանակ չունենա դիմակայել ու վարկաբեկել հայկական արդար պահանջները՝ մարդկության դեմ գործած 20-րդ դարի ամենանողկալի ոճրագործություններից մեկի 100-ամյա տարելիցի կապակցությամբ: