Ջոն Քերին հաստատվեց պետքարտուղարի պաշտոնում

ԱՄՆ Սենատը դեմոկրատ սենատոր Ջոն Քերիին, որը ղեկավարում է Կոնգրեսի վերին պալատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը, պաշտոնապես հատաստել է պետքարտուղարի պաշտոնում, հաղորդում է AP-ն: Քերին ԱՄՆ արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում կփոխարինի Հիլարի Քլինթոնին:

Քերիի թեկնածությունը պետքրատուղարի պաշտոնում առաջադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, և սպասելի էր, որ այն կհաստատավի ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական կոնգրեսականների կողմից: Ավելի վաղ Քերիի թեկնածությանը հավանություն էր տվել Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը:

Քերին ազդեցիկ քաղաքական գործիչ է, քաղաքական կարերիան սկսել է 1970-ականներից: Մասնակցել է վիետնամական պատերազմին, 2004թ. առաջադրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, սակայն ընտրություններում պարտվել է Ջորջ Բուշ Կրտսերին: Քերին հայտնի է իրանական հարցի նկատմամբ իր զուսպ դիրքորոշմամբ և դեմ է Թեհրանի նկատմամբ կոշտ պատժամիջոցների կիրառմանը:

Քերին ակտիվ աշխատել է նաև ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ՝ ԱՄՆ օրենսդիր մարմնում աջակցելով Հայոց ցեղասպանությանը և Հայաստանին առնչվող նախաձեռնություններին:

Դեռ 1990թ. Քերին կողմ է քվեարկել սենատոր Բոբ Դոուլի նախաձեռնած Հայոց ցեղասպանության մասին բանաձևին: 1991թ. Հայաստանի անկախության պաշտպաններից է եղել, հետագայում բազմիցս պայքարել է Հայաստանին հատկացվող օժանդակության ավելացման, Հայաստանի հետ առևտրի զարգացման, շրջափակման վերացման և այլ հարցերի օգտին:
Նա բազմիցս է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի իրավունքները ճանաչելու նախաձեռնություններով։
Քերին երկարամյա անձնական, բարեկամական հարաբերություններ ունի իր ծննդավայր Մասաչուսեթս նահանգի ամերիկահայերի հետ:

2004թ. հունվարին, միանալով այլ սենատորների, նա նախագահ Բուշից պահանջել է ճնշում գործադրել ԱՄՆ այցելող Թուրքիայի վարչապետի վրա՝ վերացնելու Հայաստանի շրջափակումը:

Քերին ճանաչել է նաև 1918թ. Հայաստանի առաջին հանրապետությունը: 2004թ. Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված իր ելույթում նա ասել է. «Հայերը բազմիցս ցույց են տվել մարդկային ոգու հաղթանակը բոլոր տեսակի դժբախտությունների դեպքում և նույնիսկ հարատևելու կարողությունը ցեղասպանության պայմաններում»:

Մեկնաբանել