Հայաստանը հրավեր է ստացել՝ մասնակցելու Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին։ Հրավերներ ուղարկվել են ԱՊՀ բոլոր երկրներին, Հայաստանը դեռևս մասնակցությունը չի հաստատել։ Այս մասին հայտարարել է Baku City Circuit (BCC) օպերացիոն ընկերության անվտանգության և գործառնությունների գծով ղեկավար Այգյուլ Աղաևան, գրում է APA-ն։
Խաղերի բացման և փակման արարողությունները տեղի կունենան Գյանջայի կենտրոնական մարզադաշտում։
Հայաստանի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ առաջարկն առաջիկայում կքննարկվի և որոշում կկայացվի։
«Կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում՝ անվտանգության միջոցառումներից։ Կարծում եմ որոշումները պետք է կայացվեն ամբողջական ինֆորմացիայի պարագայում։ Կքննարկենք և որոշումը կկայացնենք»,- կառավարությունում ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է նախարարը։
Հայ մարզիկները մինչ այս մասնակցություն ունեցել են Ադրբեջանում անցկացվող մարզական իրադարձություններին։
Ադրբեջանը ևս Հայաստանում մասնակցել է մարզական միջոցառումների՝ 2009-ին, 2014-ին և 2023-ին։