Շահրամանյանը տեսել է Արցախի նախկին նախագահների գերեվարումը

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվելու հնարավորություն չուներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Հենց առաջին օրվանից, երբ մենք հարց ենք բարձրացրել՝ բացել Լաչինի միջանցքը, որ խաղաղ բնակչությունը հնարավորություն ունենա դուրս գալու, այդ պահանջը ներկայացվել է ադրբեջանական կողմից: Եվ այդ մարդիկ մնալով կենդանի պատանդ՝ ապահովել են մեր խաղաղ բնակչության դուրսբերումը»,- ասել է Շահրամանյանը:

Հարցին, արդյոք ինքը տեսե՞լ է, թե ինչպես են գերեվարում Արցախի նախկին նախագահներին, Շահրամանյանը պատասխանել է՝ «Այո, տեսել եմ»:

«Ես ամենավերջում եմ դուրս եկել Արցախից: Մնացած հարցերի մասին չեմ ուզում խոսել»,- ասել է Արցախի նախագահը:

2023-ի սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ մեկօրյա պատերազմից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը պատանդ է վերցրել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնց թվում են երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Բաքուն պաշտոնապես ընդունում է իր մոտ 23 հայ պատանդների առկայությունը, որոնց մեծ մասը գերեվարվել է 2020-ի պատերազմից հետո։

Մեկնաբանել