Էրդողանն ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը;

Իր ուղերձում Թուրքիայի նախագահը հիշատակել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։

Նա նշել է, որ Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած «ապստամբությունների, հրոսակախմբերի գործողությունների և համաճարակների» հետևանքով զոհվածների կորստի ցավը մինչ օրս զգալի է։

Ուղերձն ընթերցել է պատրիարքական տեղապահ Հայր Գրիգոր Դամադյանը Սուրբ Վարդանանց եկեղեցում տեղի ունեցած «Սուրբ Նահատակների հիշատակի արարողության» ժամանակ:

Էրդողանի ուղերձում մասնավորապես ասված է.

«Ես հարգում եմ Առաջին համաշխարհային պատերազմի դաժան պայմաններում զոհված օսմանյան հայերի հիշատակը և կրկին ցավակցություն եմ հայտնում նրանց թոռներին»։

Էրդողանը նման ուղերձներ է հղում 2012-ից։

Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը:

Մեկնաբանել