Բնակչության 1 մլն աճը չի բավարարում թուրքերին

Թուրքիայի բնակչությունը 2012թ. վերջի դրությամբ կազմել է 75 մլն 627 հազ. մարդ, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը` նշելով, որ նախորդ տարվա համեմատ երկրի բնակչության աճը փոքր-ինչ նվազել է:

Այս հանգամանքն անհանգստություն է առաջացրել Թուրքիայում: Խնդրին անդրադարձել է Մարմարայի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Բուրաք Արզովան, ըստ որի` բնակչության աճի նման տեմպերը հետագայում լուրջ սպառնալիք կարող են ստեղծել Թուրքիայի համար: «Նման դանդաղ աճի պայմաններում Թուրքիայում կլինի ժողովրդագրական այն նույն պատկերը, ինչը եվրոպական առաջատար երկրներում է»,- ասել է Արզովան:

Նա նշել է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` վերջերս արած այն հայտարարությունը, ըստ որի` ամենաքիչը երեք երեխա պետք է ունենալ, երկրի համար չափազանց կարևոր է:

Հաջեթթեփե համալսարանի դասախոս Ալանուր Չավլիի կարծիքով էլ` 2012թ. Թուրքիայում թեև նախորդ տարվա նման ժողովրդագրական աճ չի գրանցվել, սակայն ավելացման տեմպերը նորմալ են:

Չնայած մտահոգություններին` 2012թ. Թուրքիայի բնակչությունն ավելացել է մոտ 1 մլն-ով: Ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի` 2046թ. Թուրքիայի բնակչությունը կհասնի 92 մլն-ի, որից հետո կսկսի նվազել:

Մեկնաբանել