Washington Post-ը քաղաքական գործիչների ելույթների հավաստիությունը ստուգող ծրագիր է մշակում

Ամերիկյան Washington Post օրաթերթը թողարկել է Truth Teller բջջային ծրագրի նախատիպը, որը նախատեսված է քաղաքական գործիչների ելույթներում և մեկնաբանություններում նշված փաստերի հավաստիությունը ստուգելու համար, հաղորդում է Knight Foundation, որը և ֆինանսավորում է նախագիծը:

Truth Teller բջջային ծրագիրը հիմնված է մի շարք տեխնոլոգիաների վրա, այդ թվում` ելույթների ճանաչման և դրանք տեքստայինի վերածելու Microsoft Audio Video indexing service (MAVIS) ծրագրի վրա:

Բջջային ծրագրի նախագծման աշխատանքները մեկնարկել են դեռ անցյալ տարի, երբ Washington Post-ը $50 հազ. դրամաշնորհ էր ստացել Knight Foundation հիմնադրամից, հաղորդում է Journalism.co.uk-ը:

Truth Teller-ի նախատիպն արդեն հասանելի է օրաթերթի հատուկ բաժնում, որտեղ օգտատերերին հասանելի են ԱՄՆ քաղաքական գործիչների ելույթները, դրանց սղագրությունը, ինչպես նաև ելույթում արծարծված փաստերի հավաստիության ստուգված տարբերակը:

Նշենք, որ գոյություն ունեն համանման այլ նախագծեր` Truth Goggles և Politifact:

Մեկնաբանել