Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ռուս-ուկրաինական ուղիղ երկխոսության հնարավորությունը

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆի բանակցությունները թույլ են տվել մոտեցնել դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի հարցով, այլ նաև մի շարք այլ միջազգային հարցերով»,- լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԲԿ» լրատվամիջոցը։

Ապրիլի 25-ին Կրեմլում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը տևել է երեք ժամ։ Ուշակովը նշել է, որ բանակցություններն ունեցել են «կառուցողական» և «շատ օգտակար բնույթ»։ Նրա խոսքով՝ խոսք է գնացել Մոսկվայի և Կիևի միջև ուղղակի բանակցությունների վերսկսման հնարավորության մասին։

Ուշակովը «խորհրդանշական» է անվանել այն փաստը, որ Կրեմլում բանակցությունները տեղի են ունեցել Էլբայում խորհրդային և ամերիկյան զորքերի հանդիպման 80-րդ տարելիցի օրը։ «Այս հանդիպումը խորհրդանշում է մեր երկու երկրների մարտական դաշինքը նացիզմի դեմ պայքարում»,- ասել է նա։

«Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ արդյունավետ ռուս-ամերիկյան երկխոսությունը տարբեր մակարդակներում կշարունակվի ամենաակտիվ ռեժիմով»,- հավելել է Ուշակովը։

Մեկնաբանել