ՀՅԴ Հայ դատը դիմել է ԵԱՀԿ-ին՝ հայ գերիների ազատ արձակման հարցով

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը դիմել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) պատասխանատուներին՝ Բաքվում պահվող 23 հայ գերիների ազատ արձակմանն աջակցելու համար։ Գրասենյակն առաջարկում է գործարկել ԵԱՀԿ-ի տրամադրության տակ գտնվող գործիքակազմերը՝ ԵԱՀԿ շրջանակում Ադրբեջանի հանձնառությունների համատեքստում գնահատելու օրենսդրական և վարչական ընթացակարգերը, փաստերը արձանագրելու, ինչպես նաև համապատասխան առաջարկներ և խորհրդատվություններ կատարելու համար։

ԵԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին փոխանցված են նաև մի շարք տեղեկություններ Ադրբեջանում դատական համակարգի թերությունների, ինչպես նաև ի աջակցություն հայ գերիների՝ տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումների մասին՝ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից։ Միաժամանակ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի կողմից ստեղծված հարթակը շարունակում է գործել, որտեղ հնարավոր է ստորագրել առցանց խնդրագիր՝ ուղղված ԵԱՀԿ համապատասխան պաշտոնյաներին։

2023-ի սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ մեկօրյա պատերազմից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը պատանդ է վերցրել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնց թվում են երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Բաքուն պաշտոնապես ընդունում է իր մոտ 23 հայ պատանդների առկայությունը, որոնց մեծ մասը գերեվարվել է 2020-ի պատերազմից հետո։

Մեկնաբանել