Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 28-ին հանդիպել է «Հայկական Համալսարան» ոչ ֆորմալ կրթական հարթակի ունկնդիրների և դասախոսների հետ։ Նա խոսել է Արցախյան երեք պատերազմներում՝ 1991-1994, 2016 և 2020 թվականներին, Հայաստանի ունեցած առավելությունների և հետագայում դրանք կորցնելուց հետո պարտության մասին։
Նա պնդել է, որ 2016-ից սկսած՝ Հայաստանում ներքին լարվածություն կար, երբ հայտնվեցին բազմաթիվ ՀԿ-ներ, որոնց նպատակը «գլոբալիստական քարոզչությունն էր»՝ «ազգային արժեհամակարգի քայքայումը»: Շարունակելով՝ Քոչարյանը խոսել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ/USAID) Հայաստանում լրատվամիջոցներին ֆինանսավորման մասին։
«Վերջերս միայն մենք իմացանք՝ ինչ գումարներ է USAID-ը ծախսել մեզ նման երկրներում՝ Հայաստանի նման երկրներում նման համակարգեր ստեղծելու և կայացնելու ուղղությամբ»,- ասել է Քոչարյանը։
Քոչարյանը նաև պնդել է, թե USAID-ը ֆինանսավորել է Հոլիվուդյան աստղերի՝ Ուկրաինա այցելությունը։
«Նույնիսկ վերջերս մի շշմելու բան եղավ, երբ պարզվեց, որ Հոլիվուդյան աստղերը հերթով, որ գնում էին Ուկրաինա, այսպես ասենք, վճարովի հուզվելու համար, սա մի շշմելու բան է, բայց սա փաստ է»,- ասել է Քոչարյանը։
USAID-ը Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին ծրագրեր է իրականացրել Հայաստանում
Քոչարյանի խոսքով՝ վերջերս է միայն պարզվել, թե ինչ գումարներ է USAID-ը ծախսել Հայաստանի նման երկրներում համակարգեր ստեղծելու և կայացնելու ուղղությամբ։ Սակայն, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին ևս գործակալությունը ակտիվորեն գործել է Հայաստանում։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ/USAID) առաքելությունը Հայաստանում սկսել է գործել 1992-ից։ Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ ՄԶԳ-ն տասնյակ միլիոնավոր դոլարների օժանդակություն է տրամադրել Հայաստանին՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր ինչպես կառավարության հետ համատեղ, այնպես էլ առանձին։
1992-2017-թթ. USAID-ը ավելի քան 1 մլրդ դոլար աջակցություն է տրամադրել՝ ուղղված Հայաստանի տնտեսական, սոցիալական և ժողովրդավարական զարգացմանը։
2003-ին, օրինակ, գործակալությունը Հայաստանին տրամադրել է 54.7մլն դոլարի օգնություն: Նույն տարում հայաստանյան հասարակական կազմակերպություններին հատկացվել է 12.5 մլն դոլար։
Ավելին, 2004-ի ապրիլի 1-ին Ռոբերտ Քոչարյանն անձամբ է ընդունել USAID-ի երևանյան գրասենյակի պատվիրակությանը։

Երկրորդ նախագահը խոսում է USAID-ի ստեղծած համակարգերի մասին։ Նշենք, որ գործակալությունը ծրագրերի մասով ապահովում է մեծ թափանցիկություն. առկա է կայք, որի միջոցով հնարավոր է տեսնել, թե USAID-ն ինչ կազմակերպությունների և որքան է ֆինանսավորել։
Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին աջակցությանը, ապա 2023-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հայտնել էր, որ 17.3 մլն դոլար կներդրվի Հայաստանի մեդիաոլորտում, որից 15 մլն ԱՄՆ դոլարը՝ ԱՄՆ ՄԶԳ-ից՝ «Մեդիա ծրագիր Հայաստանում» ծրագրի իրականացման համար, իսկ 2,3 մլն ԱՄՆ դոլարը՝ ԱՄՆ դեսպանության Հանրային դիվանագիտության գրասենյակից։
USAID-ի ֆինանսավորմամբ՝ Հայաստանի մեդիայի զարգացման հնգամյա ծրագիրը 15 մլն դոլար ընդհանուր բյուջեով էր, որից 4 մլն-ն էր ուղղվելու գրանտներին։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ USAID-ի ծրագրերն ամբողջ աշխարհում դադարեցնելու որոշումից հետո ծրագիրը Հայաստանում կասեցվել է։
Հայտնիները հերքել են USAID-ի կողմից ուկրաինական այցերը ֆինանսավորելու վերաբերյալ լուրը
Հոլիվուդյան աստղերի ուկրաինական այցելության՝ USAID-ի կողմից ֆինանսավորման մասին լուրերն ակտիվորեն տարածվել են նաև միջազգային լրատվամիջոցներում։ Մասնավորապես, տարածվում էր մի տեսանյութ, որտեղ ասվում էր, որ USAID-ը ֆինանսավորել է ամերիկացի հայտնիների այցելությունները Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։
Նշված էր նաև գումարի չափը․ «Անջելինա Ջոլի՝ 20,000,000 դոլար, Շոն Փեն՝ 5,000,000 դոլար, Ժան-Կլոդ Վան Դամ՝ 1,500,000 դոլար, Օրլանդո Բլում՝ 8,000,000 դոլար, Բեն Սթիլեր՝ 4,000,000 դոլար»։
Դերասաններ Բեն Սթիլերը, Շոն Փենը, Անջելինա Ջոլին, Օրլանդո Բլումը հերքել են լուրը՝ նշելով, որ այցելությունն իրականացվել է սեփական միջոցների հաշվին։
Թեմային անդրադարձել են նաև միջազգային լրատվականները, ինչպես, օրինակ, BBC-ն, Forbes-ը, Ռոյթերսը և այլն՝ հերքելով տարածված լուրը։
E!news-ը, որի տարբերանշանով տարածվում էր կեղծ տեսանյութը, հայտնել է, որ այն իրական չէ, և լրատվամիջոցը չէ դրա հեղինակը։ BBC-ն պարզել էր նաև, որ տեսանյութը կրկնում է ռուսական ապատեղեկատվական նարատիվները, որոնց լրատվամիջոցն արդեն անդրադարձել է։ 2024-ի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ ևս օգտագործվել են հայտնի լրատվամիջոցների տարբերանշանները հակաուկրաինական և ռուսամետ կեղծ տեսանյութեր տարածելու համար։
Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի պնդումը, թե USAID-ը ֆինանսավորել է Հոլիվուդյան աստղերի Ուկրաինա այցելությունը, սխալ է։ USAID-ն ապահովում է ծրագրերի մեծ թափանցիկություն, ուստի գործակալության կողմից տարբեր համակարգեր ստեղծելու վերաբերյալ պնդումները ևս չեն հաստատվում։
CivilNetCheck
Civilnet











