Այս օրերին Թուրքիայի կառավարությունում տեղի են ունենում նոր նշանակումներ: Ամենակարևոր փոփոխություններից մեկը ներքին գործերի նախարարի նշանակումն է: ՆԳ նախկին նախարար Իդրիս Նաիմ Շահինը, ներկա լինելով Ստամբուլում տեղի ունեցած Խոջալուի դեպքերի հիշատակման ցույցերին, նկարվել էր այն պաստառի տակ, որի վրա գրված էր՝ «բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք եք»: Նման հանրահավաքին նախարարի մասնակցությունը քննարկումներ էր առաջ բերել Թուրքիայում: Ե՛վ հայերը, և՛ ժողովրդավարական շրջանակները մեղադրել էին կառավարությանը նրա անդամի լկտի վարվելակերպի համար:
Այդուհանդերձ միամիտ կլինենք, եթե ուրախանանք վերոհիշյալ նախարարի պաշտոնանկությամբ, քանի որ նորանշանակ նախարար Մուամեր Գյուլերը լկտիությամբ, հակահայկական պահվածքով և խամաճիկությամբ չի զիջում իր նախորդին:
Վերհիշե՛նք անցյալը. 2004թ. Հրանտ Դինքը զրույցի հրավիրվեց Ստամբուլի կուսակալություն: Կուսակալության շենքում Դինքին հանդիպել էին Թուրքիայի Ազգային հետախուզության (MIT) երկու բարձրաստիճան աշխատակիցներ, որոնք նրան սպառնալի տոնով հիշեցրել էին Աթաթուրքի որդեգիր Սաբիհա Գյոքչենի հայ լինելու փաստի շուրջ գրված հոդվածը և մատ թափ տալով ասել. «Այլևս նման բան չգրես»: Նրանցից մեկը MIT-ի Մարմարայի շրջանի պատասխանատու Օզել Յըլմազն էր, մյուսը՝ Հանդան Սելչուկը: Այս լուրջ նախազգուշացումը պետական սպառնալիք էր Հրանտի համար և իրականացվել էր Ստամբուլի այն ժամանակվա կուսակալ Մուամեր Գյուլերի անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ:
Փաստորեն Հրանտի սպանության ժամանակագրությունը սկսվել է Մ. Գյուլերի առանձնասենյակում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չորս անգամ դատապարտել է Թուրքիային՝ Դինքի պաշտպանությունը չապահովելու, սպանությունը չկանխելու, սպանությունից հետո սկսված դատավարությունը պետական պաշտոնյաների կողմից ճիշտ չուսումնասիրելու համար: Եվրոպական դատարանի այս որոշումից հետո սկսվեց հետաքննություն, որի արդյունքում ինը հնարավոր մեղավորների թվում նշվում էր նաև Գյուլերի անունը, բայց պետության կողմից նրա հետագա դատաքննությունը չարտոնվեց: Գյուլերը մեղադրվում էր նաև Տրապիզոնի կուսակալությունից Դինքի նկատմամբ մահափորձի կազմակերպման վերաբերյալ ստացված տեղեկատվությունը Ստամբուլի անվտանգության մարմիններին չփոխանցելու մեջ: Նրա անվան հետ էր կապվում նաև Դինքի սպանության վայրի մոտակայքում տեղադրված անվտանգության տեսախցիկների տեսագրությունների անհետացումը:
Դինքի ընտանիքի փաստաբանների կողմից դատարանին ներկայացված կասկածյալների ցանկում Գյուլերն առաջինն էր: Ի պատասխան առաջադրված լուրջ մեղադրանքներին՝ Գյուլերն ասել էր. «Ալլահը պատժի նրանց բոլորին, ովքեր սպանեցին Հրանտին: Ես այն կուսակալն եմ, որ 36 ժամվա ընթացքում բռնել է ոճրագործին»: Գյուլերը, 1972թ. ավարտելով Անկարայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, կոալիցիոն կառավարության իշխանության տարիներին նշանակվել է կուսակալ Նիգդե, Կայսերի, Գազիանթեփ և Սամսուն քաղաքներում: 2002թ., երբ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը միանձնյա իշխանություն ստանձնեց, Գյուլերը Սամսունից տեղափոխվեց Ստամբուլ և մինչև 2010թ. խորհրդարանական ընտրությունները, երբ դարձավ Ազգային մեծ ժողովի պատգամավոր, մնաց այդ պաշտոնում:
Գյուլերն ընկալվում է որպես կուսակցության որոշումներին անվերապահորեն ենթարկվող և հավատարիմ կուսակցական գործիչ, որն իշխող վերնախավի կամքի անխոս կատարողն է: Ակնհայտ է՝ ներքին գործերի նախարարի պաշտոնում նման անձնավորության նշանակումը լիովին ձեռնտու է վարչապետ Էրդողանին, և վերջինս չի խորշում օգտագործել անգամ այդ աստիճանի վարկաբեկված գործիչների: Գյուլերը մեկն էր այն բազմաթիվ թուրք պաշտոնյաներից, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվելով Դինքի սպանությանը, ոչ միայն չպատժվեցին, այլև որոշ ժամանակ անց պաշտոնի ու դիրքի բարձրացումներ ունեցան: