Հայաստանում կանանց և տղամարդկանց միջև վարձատրության տարբերությունը 40.7 տոկոս է

Լիա Ավագյան
Հայաստանում կանանց և տղամարդկանց միջև վարձատրության տարբերությունը շարունակում է արդիական մնալ․ ամենաթարմ՝ 2023-ի տվյալներով՝ միջին ամսական աշխատավարձի գենդերային խզվածքը 40,7 տոկոս է։ 2023-ին կանանց միջին աշխատավարձը 203,000 դրամ էր, տղամարդկանցը՝ 342,000 դրամ։ Այսպիսի տվյալներ է բերում ՀՀ վիճակագրական կոմիտեի Հայաստանի կանայք և տղամարդիկ 2024-ի զեկույցը։
Ինչ է կանանց և տղամարդկանց միջև վարձատրության տարբերությունը և ինչ պատկեր է Հայաստանում
Կանանց և տղամարդկանց միջև վարձատրության տարբերությունը նշանակում է այն միջին եկամուտների տարբերությունը, որը գոյություն ունի կանանց և տղամարդկանց միջև՝ անկախ աշխատանքային ժամերից, մասնագիտությունից կամ փորձից։ Սովորաբար այս ցուցանիշը արտահայտվում է տոկոսով՝ ներկայացնելով, թե որքանով են կանանց աշխատավարձերը պակաս տղամարդկանց աշխատավարձերից։
Օրինակ, եթե Հայաստանում կանայք միջինում ստանում են 203,000 դրամ, տղամարդիկ՝ 342,000 դրամ, վարձատրության տարբերությունը կկազմի 40,7 տոկոս։ Այսինքն, կանայք ստանում են միջինում 40,7 տոկոսով պակաս աշխատավարձ, քան տղամարդիկ։
Պետական սեկտորում 2023-ին կանանց միջին աշխատավարձը 179,000 դրամ էր, տղամարդկանցը՝ 268,000՝ ըստ Վիճակագրական կոմիտեի։

Ըստ Staff.am-ի «ՀՀ Աշխատաշուկա 2024» զեկույցի՝ ամենաբարձր վճարվող ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաներն ու կապը, ֆինանսաբանկային ոլորտն ու հանքարդյունաբերությունը, տղամարդկանց աշխատավարձը զգալի բարձր է կանանց վճարվող աշխատավարձից։ Տարբերությունը հատկապես արտահայտված է ֆինանսական ոլորտում՝ կազմելով մոտ 66 տոկոս։ Մյուս ոլորտներում՝ ՏՏ ու կապ, կազմում է 40,7%, իսկ հանքարդյունաբերությունում՝ 30%:

Staff.am-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը այս խզվածքը պայմանավորում է այն հանգամանքով, որ այս ոլորտներում ամենաբարձր վարձատրվող հաստիքները զբաղեցնում են տղամարդիկ։
«Այդ ոլորտներում ղեկավար անձնակազմում ավելի շատ տղամարդիկ են։ Աշխատավարձերի ամենամեծ տարբերությունը դիտարկվում է ֆինանսական և ապահովագրական գործունեություն ծավալող ընկերություններում. երկու անգամ ավելի շատ աշխատավարձ են ստանում տղամարդիկ»,- ասում է Լուիզա Ավետիսյանը։
Որոնք են խզվածքի պատճառները
Պատճառները տարբեր են՝ սոցիալական նորմեր, գենդերային անհավասարություն, անվստահություն, կարծրատիպեր, ղեկավար պաշտոններում ներկայացվածության պակաս, չվճարված խնամքի աշխատանք, աշխատանքի պայմանների տարբերություններ։
«Պատճառներից մեկը, ըստ հետազոտությունների, կանանց անվստահությունն է։ Կանայք շատ զգուշավոր են, նրանք շատ դժվարությամբ են ձեռք բերում հարգանք, համբավ և բարձր պաշտոններում, երբ պատասխանատվությունը մի քիչ ավելի մեծ է, նաև վախենում են սխալվելուց։ Կազմակերպությունների ներսում պետք է հնարավորություն լինի կրթելու, ոգևորելու, որ կանայք ուժեղանան»,- ասում է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Գենդերային հավասարության փորձագետ Ժաննա Գևորգյանը առանձնացնում է մեկ այլ խնդիր՝ մայրության տույժը (motherhood penalty), երբ երեխա ունենալը անհամաչափ ազդեցություն է ունենում կնոջ կարիերայի վրա։ Երեխայի խնամքի պարտականությունների հետևանքով կանայք հաճախ ստիպված են լինում ժամանակավորապես հեռանալ աշխատանքից կամ կրճատել աշխատանքային ժամերը: Այս երևույթը, թեև կարող է թվալ անձնական ընտրության արդյունք, ունի խորքային պատճառներ և բազմաթիվ հետևանքներ:
«Կանայք աշխատաշուկայում դառնում են ոչ այդքան մրցունակ, որովհետև ընտանիքի հոգսն է կնոջ վրա, երեխաների խնամքը և այդ ամենը, բնակակաբար, հավելյալ ծանրաբեռնավծություն է առաջացնում կանանց համար»,- ասում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը։
Շատ հաճախ միևնույն պաշտոնը զբաղեցնող հակառակ սեռի ներկայացուցիչները տարբեր աշխատավարձեր են ստանում, հօգուտ՝ տղամարդու։
ՄԱԶԾ Գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը շեշտում է ևս մեկ գործոն՝ բանակցություն աշխատավարձի համար․ «Շատ դեպքերում կանանց և տղամարդկանց միջև առկա են բանակցային վարքագծի տարբերություններ, որոնք հիմնականում պայմանավորված են հասարակական սպասելիքների տարբերություններով: Աղջիկների մոտ հաճախ չեն խրախուսվում բանակցային հմտությունները, ինչի արդյունքում շատերը հետագայում դժվարանում են բանակցել բարձր վարձատրության համար և ստիպված են համաձայնվել առաջարկվող պայմաններին»:
Փորձագետի կարծիքով՝ նույնիսկ այն բնագավառներում, որտեղ կանայք ավելի շատ են ներգրավված, միևնույն է, ղեկավար պաշտոններ ավելի քիչ են զբաղեցնում, ինչպես կրթության ոլորտում, որտեղ ուսուցիչների մեծամասնությունը կանայք են, բարձր ղեկավար պաշտոնները, ինչպիսիք են բուհերի ռեկտորները, շարունակում են զբաղեցնել տղամարդիկ:
Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի 2024 թվականի զեկույցի՝ Հայաստանը 146 երկրներից զբաղեցնում է 64-րդ տեղը գենդերային հավասարության ցուցիչով՝ առաջընթաց գրանցելով նախորդ տարիների համեմատ։ Կանանց ներկայացվածությունը Ազգային ժողովում հասել է 36․4%-ի, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններում՝ 30%-ի։
Ինչ պատկեր է աշխարհում
Համաշխարհային տնտեսական ֆորումի վերջին զեկույցը վերլուծել է գենդերային հավասարության վիճակը 146 երկրների չորս հիմնական ոլորտներում՝ տնտեսական մասնակցություն և հնարավորություններ, կրթական ձեռքբերումներ, առողջություն և գոյատևում և քաղաքական զորեղացում։ Արդյունքում աշխարհում միջին ամսական աշխատավարձի գենդերային խզվածքը 31.5 տոկոս է։
Civilnet










