Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի փակման ռուս-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա փետրվարին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Էլման Աբդուլլաևը, հաղորդում է Trend-ը:
Ակնկալվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն կայանի փակմանը վերաբերող տեխնիկական հարցեր: Ռուսաստանը 2012թ. դեկտեմբերի 9-ին դադարեցրել էր կայանի շահագործումը՝ պայմանավորված շահագործման մասին Ադրբեջանի և Ռուսաստանի միջև պայմանագրի ուժը կորցնելով: Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Ադրբեջանի հետ բանակցություններ են ընթանում կայանի շահագործման ժամկետը մինչև 2025թ. երկարացնելու շուրջ: Մի շարք զանգվածային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքուն վարձակալման համար Մոսկվայից տարեկան $300 մլն է պահանջում՝ նախկին $7 մլն-ի փոխարեն: Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը դեռևս Խորհդային միության հակահրթիռային պաշտպանության կարևոր բաղադրիչներից է, և Ադրբեջանի անկախանալուց հետո Ռուսաստանը շարունակել է օգտագործել այն: Վարձակալման մասին պայմանագիրը երկու երկրների միջև ստորագրվել է 2002թ.: