Ֆաշիզմի ուրվականը շրջում է Իտալիայում

70 տարի առաջ մահապատժի ենթարկված բռնապետ Բենիտո Մուսոլինիի ուրվականը կարծես դեռ շրջում է Իտալիայում, գրել է BBC-ն:

Երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվան նվիրված ելույթը խիստ քննադատության է արժանացել: Նրա խոսքով՝ Մուսոլինիին չի կարելի անվանել միանշանակ վատ առաջնորդ, ինչպես նրան նկարագրում են պատմության դասագրքերում: Բեռլուսկոնին կարծում է, որ նա բավականաչափ «լավ բաներ է արել»:

Միևնույն ժամանակ՝ Բեռլուսկոնին խոստովանել է, որ ազգի ռասայական մաքրության մասին Մուսոլինիի ընդունած օրենքները, որոնց համաձայն մահապատժի է ենթարկվել ութ հազար իտալացի հրեա, «դուչեի գլխավոր սխալն էին»:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունեցող Բեռլուսկոնիին միանգամից մեղադրեցին, որ այս կերպ փորձում է իր «Ազատության ժողովուրդ» կուսակցության համար ապահովել ծայրահեղ աջերի աջակցությունը:

Նախկին վարչապետին քննադատել է նաև Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն, որը կարծում է, որ ֆաշիզմը «մոլորություն» էր:

Ավելի ուշ Բեռլուսկոնին հայտարարել է, որ իրեն սխալ են հասկացել: Սակայն նրա անտակտ խոսքերն ու անտակտ վարքագիծը Հոլոքոստի զոհերի հիշատակի արարողության ժամանակ, երբ պարզապես քնել է բոլորի ներկայությամբ, հիշեցրին, որ տասը տարի առաջ Բեռլուսկոնին գովաբանել է Բենիտո Մուսոլինիին և ասել, որ նա «երբեք որևէ մեկին չի սպանել»:

Մեկնաբանել