Ռուսական անշարժ գույքի «արքաներից» երեքը հայ են

Forbes հեղինակավոր պարբերականի ռուսական տարբերակը կազմել է «Ռուսաստանի անշարժ գույքի «արքաները» 2013» վարկանիշը: Այն, ինչպես 2012թ. գլխավորում է ազգությամբ ադրբեջանցի Գոդ Նիսոնավին և Զարախ Իլիևին պատկանող «Կիևսկայա պլոշադ»-ը՝ վարձակալությունից ստացված $1,1 մլրդ տարեկան եկամուտով: Ընդ որում՝ այս տարի առաջին անգամ է, որ վարկանիշում ընդգրկված ներկայցուցչի տարեկան հասույթը գերազանցել է $1 մլրդ-ը: Երկրորդ հորիզոնականում Ինգվար Կամպրադին պատկանող IKEA խումբն է՝ $760 մլն եկամուտով: Թոփ 30-ում ընդգրկվածներից երեքը հայ գործարարներ են: Այսպես՝ «Տաշիր» հոլդինգի սեփականատեր Սամվել Կարապետյանը 3-րդ հորիզոնականում է։ ՌԴ-ում անշարժ գույքի վարձակալությունից ստացվող նրա տարեկան եկամուտը 2012թ. $720 մլն։ Վարկանիշի 25-րդ հորիզոնականում «Լեգիոն դեվելոփմենթ» ընկերության սեփականատեր Դանիլ Խաչատուրովն է։ Վարձակալությունից ստացված նրա եկամուտը անցած տարի կազմել է 80 մլն դոլար է։

26-րդ տեղը զբաղեցրել է Գագիկ Ադիբեկյանը՝ տարեկան $70 մլն եկամուտով։ Նրան է պատկանում RD group-ը: Վարկանիշը երզափակում է ազգությամբ թուրք Էրման Իլիջակին պատկանող Renaissance Construction-ը՝ 2012թ. վարձակալությունից ստացված $65 մլն եկամուտով:

«Արքաների» թոփ 30-ում ընդգրկված են Ռուսաստանի կոմերցիոն անշարժ գույքի ինչպես ռուս, այնպես էլ օտարեկրացի սեփականատերեր: Նրանք վարկանշվել են ըստ 2012թ. անշարժ գույքից ստացված եկամուտների ցուցանիշի՝ ինչպես նրանց, այնպես էլ մի շարք խորհրդատվական ընկերությունների ներկայացրած տվյաների հիման վրա: 2012թ. վարկանիշում ընդգրկված 30 մասնակիցների՝ վարձակալությունից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը կազմել է $7,5 մլրդ՝ անցած տարվա՝ $5,2 մլրդ-ի համեմատ: Ըստ Forbes-ի՝ Ռուսաստանի կոմերցիոն անշարժ գույքի մեջ կատարված ներդրումների 80–85%-ը բաժին է ընկել Մոսկվային: Մյուս կողմից՝ Ռուսաստանի մայրաքաղաքում անցած տարի երկու անգամ ավելի քիչ առևտրային և գրասենյակային տարածքներ են կառուցվել՝ նախաճգնաժամային 2009-ի համեմատ:

Մեկնաբանել