Գլխավոր Լրահոս

Արցախի ներկայացուցչության շենքը չի փոխանցվել կառավարությանը, չի գրավադրվել

Արցախի ներկայացուցչության շենքը չի փոխանցվել կառավարությանը, չի գրավադրվել

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Pastinfo.am-ը ապրիլի 29-ին հոդված էր հրապարակել՝ նշելով, թե Արցախի ներկայացուցչության երևանյան շենքն անցել է Հայաստանի կառավարության տնօրինմանը։ Կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դեռևս տարիներ առաջ է գույքը գրավադրել։ 

«Դեռ 5 տարի առաջ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը շենքը 800 հազար դոլարով գրավադրել էր Արցախաբանկում»,- գրել է կայքը։

Հոդվածն արտատպել էին aravot.am, news.am, livenews.am, mamul.am և մի շարք այլ լրատվամիջոցներ։

#CivilNetCheck-ը գնացել է Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ տարածված լուրերի հետքերով։

Գրավադրված լինելու վերաբերյալ լուրերը հերքվել են

Արցախի ներկայացուցչության շենքը գտվում է Զարյան 17/2 հասցեում (նախկին հասցեն Նաիրի Զարյան 17ա):

Կադաստրի կոմիտեից ստացված տվյալներով՝ Նաիրի Զարյան 17/2 հասցեում գտնվող շինությունները 2017-ից սեփականության իրավունքով պատկանում են Լեռնային Ղարաբաղի կառավարությանը։ Իսկ հողամասը՝ անհատույց օգտագործման իրավունքով։

Էկրանապատկերը՝ Կադաստրի կոմիտեից

Նույն հասցեում 33 քմ մակերեսով անհատույց օգտագործման իրավունքով տարածք է տրամադրվել նաև «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ ՓԲԸ-ին։

Կադաստրի տվյալներում, սակայն, գույքի գրավադրման վերաբերյալ որևէ նշում չկա, իսկ «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ ՓԲԸ-ն հիմնադրվել է Արցախի կառավարության հիմնադրած «Արցախի ներդրումային ընկերության» կողմից։

#CivilNetCheck-ի հետ զրույցում հիփոթեքային ընկերությունից հայտնում են, որ ընկերությունն այս պահին փաստացի գործունեություն չի ծավալում։

Էկրանապատկերում՝ Արցախի ներկայացուցչության տարածքը

«Արցախբանկը» ևս հերքել է Արցախի ներկայացուցչության շենքի՝ բանկում գրավադրված լինելու վերաբերյալ լուրը։

«Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը, որը գտնվում է ք.Երևան, Ն.Զարյան 17/2 հասցեում,  Արցախբանկում գրավադրված չէ և  երբևէ գրավադրված չի եղել որևէ պարտավորության դիմաց»,- նշված է բանկի հրապարակման մեջ:

Հայաստանի պետական կառույցները հերքում են շենքի՝ կառավարությանը փոխանցվելու վերաբերյալ լուրը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից #CivilNetCheck-ին հայտնում են, որ նախարարությունը տեղեկություններ չունի գույքի՝ կառավարության տնօրինմանն անցնելու վերաբերյալ։

Ըստ ՏԿԵՆ-ի՝ դրա հետ կապված որևէ նախագիծ լինելու դեպքում, այն պետք է  Պետական գույքի կառավարման կոմիտեն ներկայացնի։ Պետական գույքի կառավարման կոմիտեից իրենց հերթին հայտնում են, որ ներկայացուցչության շենքն իրենց հաշվեկշռում չէ։

«Սովորաբար, եթե որևէ գույք է փոխանցվում ՀՀ-ին, ամրացվում է Պետգույքին, բայց այս պահին նման գույք փոխանցված չէ։ Նման նախագիծ չկա»,- #CivilNetCheck-ին հայտնում են կոմիտեից։

Փաստացի, գույքը դեռևս ԼՂ կառավարության սեփականությունն է և այն ՀՀ-ին փոխանցելու վերաբերյալ որևէ նախագիծ այս պահին չկա։ 

Տեղադրություն

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում