Անցած տարի Հայաստանի բանկային համակարգի շահույթն աճել է 15%-ով

2012թ. նախորդ տարվա համեմատ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 38,8 մլրդ դրամով կամ 10,5%-ով` կազմելով 409,5 մլրդ դրամ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը` ամփոփելով բանկային համակարգի 2012թ. արդյունքները:

Նշված ժամանակահատվածում ընդհանուր ակտիվներն աճել են` 368,5 մլրդ դրամով կամ 18%-ով և կազմել 2,412.2 մլրդ դրամ: Ընդհանուր վարկային պորտֆելում հաճախորդներին տրված վարկերն ու այլ փոխատվություններն 2012թ. աճել են 264,3 մլրդ-ով (21%-ով) և կազմել 1,517.9 մլրդ դրամ:

Օսիպյանն նշեց, որ դրական ցուցանիշներ են գրանցվել նաև ընդհանուր պարտավորությունների գծով: Նախորդ տարվա համեմատ վերջիններս աճել են 329,6 մլրդ դրամով կամ 19,7%-ով և կազմել 2,002.7 մլրդ դրամ: Նշված ժամանակահատվածում հաճախորդների նկատմամբ պարտավորությունների աճը կազմել է 187,9 մլրդ դրամ կամ 17,9%, իսկ տարեվերջի դրությամբ վերջինիս ծավալը կազմում էր 1,238.6 մլրդ դրամ: Հարկ է նշել նաև, որ ավանդների աճը կազմում է 78,2 մլրդ դրամ կամ 7,4% և կազմում 1,132 մլրդ դրամ:

Բանկային համակարգի ընդհանուր շահույթը տարվա վերջին կազմել է 42,7 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 5,6 մլրդ դրամով կամ 15%-ով:

Բանկային ծառայությունների պահանջարկով պայմանավորված` բանկերի մասնաճյուղերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 28-ով կամ 6%-ով և կազմել, 494 մասնաճյուղ: Մասնաճյուղերի 43%-ը (213) գտնվում են Երևանում, իսկ 7%-ը (34)` Արցախում: Հայաստանի մարզերից առավել թվով մասնաճյուղեր կան Լոռվա (37), Կոտայքի (36) և Շիրակի (36) մարզերում:

2012թ. արդյունքներով` բանկերի ROE-ն` կապիտալի եկամտաբերության մակարդակը, կազմել է շուրջ 11,2 %, իսկ ROA-ն` ակտիվների շահութաբերության մակարդակը, կազմել է շուրջ 2%:

Նշենք, որ 2012թ. Հայաստանում գործող բոլոր 21 առևտրային բանկերը միասին վճարել են ավելի քան 25,8 մլրդ հարկեր և տուրքեր` նախորդ տարվա 21,6 մլրդ-ի համեմատ:

Մեկնաբանել