Christie’s-ն ու Sotheby’s-ը վաճառում են Վերածննդի նկարիչների աշխատանքները

Բոտիչելլի «Մադոննան մանուկ Քրիստոսի և Սբ Հովհաննես Մկրտչի հետ»

Հունվարի 30-ին իտալացի նկարիչ Բոտիչելլիի «Մադոննան մանուկ Քրիստոսի և Սբ․ Հովհաննես Մկրտչի հետ» կտավը 10,4 մլն դոլարով վաճառվել է Christie’s-ի աճուրդում, հաղորդում է աճուրդի տան կայքը:

Նյու Յորքում կայացած վաճառքի երեկոն տվել է Հին վարպետների շաբաթվա մեկնարկը, որի ընթացքում աճուրդային բիզնեսի հսկաներ Christie’s-ն ու Sotheby’s-ը, հյուրընկալելով աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող արվեստագետների, գալերիստների ու հավաքորդների, վաճառքի կդնեն Միջին դարերի ու Վերածննդի նկարիչների աշխատանքները: Մասնավորապես՝ Christie’s-ում կներկայացվի իտալացի հանճարների 400 աշխատանք, որոնց շարքում թոփ լոտեր են Բոտիչելլին, Բարտոլոմեոն, Բրոնզինոն:

«Այս կտավներն իսկապես մեծ վարպետների աշխատանքներ են, որոնք հայտնի են եվրոպական արվեստի պատմության մեջ: Մենք վաճառքի ենք դնելու Բոտիչելլիի երկու կտավ, ինչն ինքնին հազվադեպ է պատահում: Մեզ մոտ կա Լուկա Կրանախ, Շարդեն, Վատո, Անիբալե Կարաչի: Շատ են նոր հայտնաբերված նկարները, կան նաև գործեր, որոնք մինչև այս պահը չեն տեսել նույնիսկ շուկայի գիտակները: Ակնկալում ենք, որ հետաքրքրությունը երեկոների հանդեպ մեծ է լինելու», – ասել է Christie՚ s-ի փոխնախագահ Ալան Վինտերը:

Բոտիչելլիի «Մադոննան մանուկ Քրիստոսի և Սբ․ Հովհաննես Մկրտչի հետ» կտավը (1493-1495) , որը գնահատվել է 6-7 մլն դոլար, վաճառվել է 10,4 մլն-ով՝ սահմանելով Բոտիչելլի աշխատանքների գնային ռեկորդ: Կտավը կոչվում է նաև «Ռոքֆելերի Մադոննա»՝ միլիարդատեր և բարերար Ջոն Ռոքֆելերն այս աշխատանքը գնել էր անցյալ դարասկզբին: Կտավը երկար ժամանակ պահվել է Ռոքֆելերների ընտանիքում, որից հետո աճուրդի է դրվել:

Հունվարի 30-ին կայացած Christie’s-ի վաճառքի ամենաթանկ լոտ է դարձել Ֆրա Բարտոլոմեոյի «Մադոննան մանուկի հետ» կտավը, որը վաճառվել է 12,9 մլն դոլարով (գնահատվել էր 10-15 մլն դոլար):

Ֆրա Բարտոլոմեոյի «Մադոննան մանուկի հետ»

«Բարտոլոմեոն յուղաներկ է, Բոտիչելլին՝ տեմպերա: Նկարները գնահատելիս հաշվի են առնվում չափերը, նյութերը, նկարի ծագումն ու աճուրդային պատմությունը», – ասել է Ռուսաստանում Christie՚ s-ի տնօրեն Գայ Վիզին:

Sotheby’s-ն իր հերթին Հին վարպետների շաբաթվա շրջանակում ներկայացնում է վերը նշված շրջանի նկարիչների 850 աշխատանք, որոնց շարքում՝ Բատոնե, Բուշե, Թերներ, Ռուբենս:

Հին վարպետների կտավները աճուրդի տների համար համեմատաբար նոր երևույթ են՝ ընդամենը տասը տարի: Հիմնական գնորդներն արաբ շեյխեր են, որոնց հետևում են հաճախորդներ Չինաստանից, ԱՄՆ-ից, վերջերս նաև՝ Ռուսաստանից:

Մեկնաբանել