Գարնանային նստաշրջանից ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովում ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանին կփոխարինի Լյուդմիլա Սարգսյանը: Այսօր նման որոշում է կայացվել ԱԺ-ում տեղի ունեցած ՀԱԿ խմբակցության նիստում:
Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, սա այս տարվա անդրանիկ նիստին էր, թեև նախորդ տարի ամեն հինգշաբթի խմբակցությունը միշտ գումարել է հերթական նիստ:
Նիստին ներկա են եղել ՀԱԿ բոլոր պատգամավորները` բացի Հրանտ Բագրատյանից: «Ամենայն հավանականությամբ, նա զբաղվում է նախընտրական քարոզարշավով»,- ասել է Զուրաբյանը: Հարցին, թե արդյոք Բագրատյանն այս մասին տեղյակ պահել է խմբակցությանը, Լևոն Զուրաբյանը պատասխանել է` ոչ:
Խմբակցության նիստում նախագահի առաջիկա ընտրություններին որևէ անդրադարձ չի եղել: «ՀԱԿ-ը իր հայտարարությունն արել է, որ այս ֆարսին մենք չենք մասնակցում, սա ընտրություններ չեն, սա Սերժ Սարգսյանին ապօրինաբար նախագահ հռչակելու մի միջոցառում է: Ոչ մի ուժի չենք սատարում և չենք պաշտպանում»,- ընդգծել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Հարցին, թե արդյոք ընտրություններին մարդկանց ցածր մասնակցությունը կարող է ազդել ընտրությունների վրա, և դրանք համարվեն չկայացած, Զուրաբյանը նշել է. «Ես վստահ եմ, որ իշխանությունները կօգտագործեն ահաբեկման մի ամբողջ մեծանիզմ. նրանք հետազոտում են որ մարդն ինչ խոցելիություններ ունի` բանակում երեխա, դպրոցում աշակերտ, որի վրա կարող են ճնշել, ինչպես նաև` աշխատանքի հետ կապված հարցեր: Այս բոլորն օգտագործվում է մարդու վրա ճնշում գործածելու համար և նրան տեղամաս ուղարկելու համար, որ նա քվեարակի հօգուտ Սերժ Սարգսյանի»: