Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլն ավելի լուրջ է եղել, քան նախորդները, և երկու կողմերն այժմ ավելի լավ են հասկանում միմյանց դիրքորոշումները, հայտնում է IRNA գործակալությունը։
Արաղչիի խոսքով՝ այս անգամ բանակցությունները դուրս են եկել ընդհանուր քննարկումներից և կենտրոնացել են կոնկրետ հարցերի վրա։
«Նախորդ երեք փուլերի համեմատ՝ այս նստաշրջանը շատ ավելի ուղիղ և լուրջ էր։ Մենք անցանք ընդհանրական խոսակցություններից ու կենտրոնացանք մանրամասների վրա, ինչը, բնականաբար, բարդացրեց բանակցությունները», – ասել է Արաղչին։
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների չորրորդ փուլն անցկացվել է մայիսի 11-ին Մուսկատում։
Չնայած բանակցությունների բարդությանը՝ Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ դրանք եղել են արդյունավետ։ Նա նշել է, որ մի շարք վիճելի հարցեր քննարկվել են ավելի խորը մակարդակով, ինչի հետևանքով Թեհրանի և Վաշինգտոնի դիրքորոշումները մի փոքր համընկել են։
Արաղչին նաև հաստատել է, որ երկու կողմերը համաձայնել են շարունակել բանակցությունները, իսկ հաջորդ փուլը կազմակերպելու ժամանակն ու վայրը կորոշվեն երկու կողմերի օրացույցների հիման վրա։ Բանակցությունների հաջորդ փուլի միջնորդը կրկին Օմանը կլինի։
Բանակցությունները, որոնք տևել են մի քանի ժամ Մուսկատում, տեղի են ունեցել Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի և Արաղչիի գլխավորած պատվիրակությունների միջև։ Միջնորդությունն իրականացվել է Օմանի արտաքին գործերի նախարարի կողմից։
Բանակցությունների առանցքում են եղել Իրանի միջուկային ծրագիրը և պատժամիջոցների վերացումը՝ Թեհրանի և Վաշինգտոնի հիմնական վիճելի հարցերը։