Լոռու մարզի հունական Յաղդան գյուղն է։ Ըստ Լոռու մարզպետարանի կայքի՝ այն ներկայում մոտ 100 բնակիչ ունի, հիմնականում՝ հայեր։ Գյուղը խոշորացումից հետո միացել է Լոռի Բերդ համայնքին։
1989-ի մարդահամարով Յաղդանն ունեցել է 800 բնակիչ։
Գյուղի հույն բնակչությունը հեռացել է սկզբում 1988-ի երկրաշարժից հետո, ապա 1990-ականների սկզբին։
1989-ին Հունաստանը Լոռու հունական գյուղերի՝ երկրաշարժից տուժած 300 երեխայի հյուրընկալեց վեց ամսով, որոնք վերադառնալուց հետո արդեն իրենց ընտանիքների հետ մշտական բնակության տեղափոխվեցին Հունաստան։
Հունական գյուղերի դատարկման հաջորդ փուլը եղավ 1990-ականների սկզբի տնտեսական և էներգետիկ ճգանաժամի ժամանակ, երբ հույների մեծ մասը գաղթեց Հունաստան՝ այդ երկրի կառավարության աջակցությամբ։
Յաղդանում հիմա քիչ հույներ են մնացել։ Տեղացիներն ասում են, որ երբեմն գնացածները գալիս են, գյուղում քեֆ անում, կարոտն առնում ու նորից գնում։ Հեռացածներից շատերը գումար են ուղարկում իրենց բարեկամներին և ընկերներին այստեղ ապրելու համար։
Գյուղում ապրուստի միջոցները սուղ են։ Մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղում սկսել են զբաղվել նաև ջերմոցային տնտեսությամբ։
Յաղդան գյուղում բազմաթիվ լքված տներ կան։ Շատերի պատշգամբից հոյակապ տեսարան է բացվում դեպի Ձորագետի կիրճը։
Հույները Լոռիում հաստատվել են Օսմանյան կայսրությունից՝ 18-րդ դարի վերջից սկսած։ Նրանք հիմնականում եկել են աշխատելու Ախթալայի և Շամլուղի հանքերում։ Հույներն այս բնակավայրը Յաղդան են կոչել 1821-ին։ Մինչ այդ գյուղը կրել է Եղիտանք անունը։ Յաղդան թուրքերեն նշանակում է յուղի տարա։
Լոռու մարզի հունական մյուս գյուղը՝ 1752-ին հիմնադրված Մադանը, ևս դատարկվել է։ Հայաստանի հույները խոսում են հունարենի պոնտական բարբառով։