«Սպիտակ փոշի եվրոպական գնացքում». ինչպես ռուսական ապատեղեկատվությունը թիրախավորեց Մակրոնին

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Հայկական մի շարք լրատվական կայքեր մայիսի 11-ին տարածել են «Կոկաի՞ն. ինչ են թաքցրել Մակրոնն ու Մերցը գնացքում» վերտառությամբ հրապարակումներ՝ ակնարկելով, թե եվրոպական երկրների առաջնորդները գնացքում իբր թմրանյութ են օգտագործել:

Yerevan.today, Hayeli.am, Socialmedia.am կայքերը և տելեգրամյան մի շարք ալիքներ տարածել են տեսանյութ, որտեղ իբր երևում է «սպիտակ փոշիով փաթեթ» և «կոկաինի համար գդալիկ»:

Տեսանյութը վերաբերում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերի՝ մայիսի 10-ին Կիև մեկնող գնացքում կատարած ուղևորությանը:

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է տեսանյութը և պարզել, որ լրատվամիջոցներով տարածվող վերտառությունները մոլորեցնող են և աղավաղում են իրականությունը:

Ինչպես է տարածվել ապատեղեկատվությունը

«Կոկաինի» վերաբերյալ պնդումները սկզբնապես հրապարակվել են X (նախկին՝ Twitter) սոցիալական ցանցում պրո-ռուսական կողմնորոշում ունեցող քարոզչական էջերի միջոցով, որտեղից այնուհետև տարածվել են ռուսական լրատվամիջոցներում և տելեգրամյան ալիքներում։

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան տելեգրամյան իր պաշտոնական ալիքում մեկնաբանել է տեսանյութը և նշել, որ արտասահմանյան առաջնորդներն այնքան են «խորացել գործընթացի» մեջ, որ «մոռացել են հավաքել իրենց պարագաները (փաթեթիկն ու գդալիկը) մինչև լրագրողների գալը»։

Իրականում սեղանին ընդամենը անձեռոցիկ էր

Ֆրանսիական Libération թերթն ստուգել է տարածվող տեսանյութը՝ ցույց տալով, որ այսպես կոչված «սպիտակ փոշու փաթեթը» իրականում սովորական անձեռոցիկ է, իսկ ենթադրյալ «կոկաինի գդալիկը» նման է սուրճի պլաստիկ խառնիչի կամ ատամի փայտիկի:

Միջազգային AFP, AP և Reuters լրատվական գործակալությունները հրապարակել են բարձր որակի լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում հստակ երևում են անձեռոցիկն ու պլաստմասե առարկան։

Ապատեղեկատվությանն արձագանքել են նաև Ելիսեյան պալատից՝ հրապարակելով բարձր որակի լուսանկարներ և մեկնաբանել. «Երբ եվրոպական միասնությունը դառնում է անհարմար, ապատեղեկատվությունն այնքան հեռուն է գնում, որ սովորական անձեռոցիկը կարող է ներկայացվել որպես թմրանյութ»։ Նշվել է, թե կեղծ լուրը տարածվում է «Ֆրանսիայի թշնամիների» կողմից։

Մեկնաբանել