Զորակոչի տարիքային շեմը կբարձրանա, ծառայությունից խուսափելու վճարը՝ նույնպես

Պարտադիր զինվորական ծառայության համակարգում նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք միաժամանակ խստացնելու են ծառայությունից խուսափելու հնարավորությունները և բարձրացնելու ծառայության գրավչությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով նախաձեռնության մանրամասները։

Խստացնող փոփոխություններից մեկը ժամկետային զինվորական ծառայության վերջնաժամկետ տարիքային շեմն է։ Նախագծով առաջարկվում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37:

«Մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ: Սա այն գումարն է, որը գործող կարգավորումներով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները այսօր էլ կարողանում են վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից»,- ասել է Սարգսյանը:

Նախաձեռնության հեղինակի խոսքով, խրախուսող կարգավորումներով ժամկետային զինծառայողներին առաջարկվում է ընտրել հետևյալ երեք տարբերակներից որևէ մեկը՝ ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 մլն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 մլն դրամ։

Օրենսդրական նախաձեռնությունն արդեն շրջանառության մեջ է։

Հայկ Սարգսյանը նշում է, որ վերջին 20 տարիների վիճակագրությունը վկայում է, որ զորակոչի ենթակա քաղաքացիների ընդամենը 30-40 տոկոսն է անցնում զինվորական ծառայության։

Պատգամավորը պնդում է, որ ծառայության ժամկետի երկար տևողությունը, տարածաշրջանային անվտանգային միջավայրը և այլ գործոններ նպաստում են այս տենդենցին։ Նրա խոսքով՝ քաղաքացիները հիմնականում ծառայությունից խուսափում են մի քանի եղանակով։

Առաջինը՝ մինչև 18 տարին լրանալը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից։

«2020-2024-ի ընթացքում արական սեռի 8,721 քաղաքացի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից»,- ասում է Սարգսյանը։

Երկրորդ՝ ՀՀ-ից մեկնում են ուսման, բուժման կամ այլ պատճառներով՝ հետագայում չվերադառնալով մինչև 27 կամ 37 տարեկանը։ 37 տարին վաղեմության ժամկետն անցնելու տարիքն է։ 2010-2024-ին, զինվորական ծառայությունից խուսափելու՝ Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով հարուցված գործերից շուրջ 2,500-ը կարճվել է հենց վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Երրորդ եղանակը զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման իրավունքի հիմքով փաստաթղթերի ներկայացումն է։ Պատգամավորի ներկայացմամբ՝ ազատվածների և տարկետում ստացածների ավելի քան 80 տոկոսն օգտվել է առողջական խնդիրների հիմքով տրված իրավական հնարավորությունից։

2 Comments

  • Շնորհակալ եմ: Դուք ամենալավն եք ներկայացրել օրենքի նախագծի նպատակն ու հիմնավորումները:

  • Ահավոր վատ նախագիծ, պետք է ոչ թե երկարացնել շեմը այլ գտնել պատճառը մարդկանց ծառայությունից հրաժարվելու, իսկ այն մարդիկ ովքեր արդեն երկու անգամ հետաձգվել են ծառայությունից ու մոտ են ազատմանը ինչ է լինելու?

Մեկնաբանել