Արցախցի երիտասարդի խոշտանգման հանգամանքը փորձաքննությամբ չի հաստատվել. ՔԿ ղեկավար

Արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի՝ Լոռու մարզի ոստիկանների կողմից խոշտանգման վերաբերյալ հայտարարությունները չեն հաստատվել փորձաքննությունների արդյունքում։ Այս մասին մայիսի 12-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։

«Դատաբժշկական փորձաքննությամբ մարմնական վնասվածքներ չեն արձանագրվել։ Մենք նաև այլ փորձաքննություններ ենք իրականացրել և դեռ սպասում ենք դրանց արդյունքներին»,- նշեց Պողոսյանը։

ՔԿ ղեկավարն ասաց, որ իր համար հարց է ծագում, թե ինչու փորձաքնությամբ որևէ վնասվածք չի արձանագրվել երիտասարդի մոտ, այն պարագայում, երբ վերջինս հայտարարել է, որ իրեն ձեռքերով ու ոտքերով անընդմեջ հարվածել են։

Պողոսյանի խոսքով՝ չնայած դեպքը հանրային հնչեղություն է ստացել, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր այս պահին չկան։ «Ունենք միայն երիտասարդի պնդումները, որոնք էլ որոշ չափով հակասական են, և դատաբժշկական եզրակացություն, որը վնասվածք չի արձանագրել»,- նշեց Արթուր Պողոսյանը՝ հավելելով, որ նշանակվել է նաև հագուստների փորձաքննություն, և վերջնական գնահատական կտրվի դրանց արդյունքներից հետո։

Մարտի 17-ին փաստաբան Ռոման Երիցյանը Ֆեյսբուքում գրառում արեց Ոստիկանության Լոռու մարզային վարչության ոստիկանների կողմից Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգելու և նրա հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու վերաբերյալ։

Հաջորդ օրը ՔԿ-ն հայտարարեց, որ վարույթ է հարուցել՝ մի խումբ անցանց կողմից խոշտանգման հոդվածով:

Լուսանկարը՝ Ազատության

Մեկնաբանել