Վիգէն Էօլճեքճեանը 15 օր հացադուլ է արել, որպեսզի թույլ տան տուն զանգահարի։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել է 2020-ից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգէն Էօլճեքճեանի կինը՝ Լինդա Էօլճեքճեանը:
«Վիգէնն անցած շաբաթ է զանգահարել բանտից։ Խոսել ենք ընդհամենը 3 րոպե»,- ասաց Լինդան։
Վերջին անգամ Լինդան Վիգէնի հետ հեռախոսով խոսել էր փետրվարի 21-ին՝ Կարմիր պաչի միջնորդությամբ։ 15-օրյա հացադուլից հետո, թե ինչ վիճակում է Վիգէնի առողջությունը՝ Լինդան չգիտի։
«Շատ եմ անհանգստանում։ Սպասում եմ Կարմիր խաչի պատասխանին»,- ասաց Լինդան։
Բաքվի դատարանը լիբանանահայ Վիգէն Էօլճեքճեանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։
Էօլճեքճեանի հացադուլի մասին ահազանգել էր Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը։
Կառույցը նամակ էր ուղարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ներկայացրել է Վիգենի վիճակը և կոչ է արել քայլեր ձեռնարկել։
«Հաղորդակցությունից բացի, ձերբակալված անձինք իրավունք ունեն ստանալու անհրաժեշտ պարագաների փաթեթներ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ։ Կարմիր խաչի հասանելիության սահմանափակման հետևանքով ընտանիքները տառապանքների մեջ են՝ ստիպված լինելով օգնություն ուղարկել և չիմանալ, թե արդյոք այն կհասնի հասցեատիրոջը»,- նշված է նամակում։
Փետրվարից Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու գործընթաց է սկսվել։