Եթե ընտրությունները կեղծվեն ոչ տուն եմ գնալու, ոչ էլ՝ արյան ճանապարհով. Ր.Հովհաննիսյան

Հիմա իշխանությունը հասկանում է, որ գնում է շատ սուր պայքար. եթե ժողովրդի գոնե 70 տոկոսը մասնակցի, ժողովուրդը կհաղթի. նշեց ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում: «Եթե ընտրությունները կեղծվեն ոչ տուն եմ գնալու, ոչ էլ արյուն ենք թափելու: Գնալու եմ պայքարը շարունակելու՝ հնարավոր բոլոր եղանակներով,- նշեց նա՝ հավելելով:- Եթե մեր ժողովրդի մեծամասնությունը մասնակցի, իշխանական սուտուկեղծիքին կհաղթենք: Սա իմ հաղթանակը չի լինելու: Րաֆֆին վայր է դրել «Ժառանգության» դրոշը, սա մեր հայրենիքի պայքարն է»: Իր խոսքով՝ ինքը չի պայքարում «Հրանտի, Պարույրի և մյուս թեկնածուների քվեների համար», իսկ իրենց հետ «միանալը՝ քաղաքացիական կոնսոլիդացիան», չի բացառում:

Հովհաննիսյանի խոսքով՝ սոցիոլոգիական հարցումներն այսօր լիովին արտացոլում են իշխանական պատվերը: «Ամեն ինչ մեր երկրում պատվիրված է: Իրականությունից հազար կիլոմետր հեռու է, որ գործող նախագահը ունի 68 տոկոս: Եթե դուք տեսնեք, որ այս ընթացքում իմ տոկոսներն իրենք բարձրացնում են հինգով, իմացեք, որ իրականում քսան-քսանհինգով են բարձրացել»,- նշեց նա:

Անդրադառնալով իշխանության հետ պաշտոնի վերաբերյալ պայմանավորության մասին լուրերին՝ Հովհաննիսյանը նշեց. «Իշխանությունների հետ արտգործնախարար դառնալու պայմանավորություն չունեմ: Ընտրություններին ես մասնակցում են հաղթելու համար, և գիտեմ, որ շարքային հայ մարդը անկուսակցական մեծամասնությանն է պատկանում, և եթե ոչ թե տանը նստի, այլ մասնակցի, կհաղթանակի: Ով չի մասնակցում, ով ուղղորդում է չմասնակցություն, ճակատագրապաշտություն, ինքը ուղղակի քվե է տալիս այս իշխանությանը: Ով բոյկոտ է ասում, կարող է և ազգային հերոս լինի, ինքն է լեգիտիմացնում սա»: Ըստ նրա՝ եթե բոլոր թեկնածուները հանեն իրենց թեկնածությունը, ապա գործող նախագահն ուղղակի կստանա իր ձայները, աշխարհը կծափահարի, և հետագա պայքարը հիմք չի ունենա:

Քարոզարշավի իր սկզբունքին անդրադառնալով՝ նա նշեց, որ սա իր առօրյան է, իր բնական ապրելակերպը: «Սա թատրոն չէ, թատրոնը նա է, որ մարդիկ ասում են, թե չարժե մասնակցել ու նստում են տանը: Իսկ պայքարի գնալը թատրոն չէ, այլ իրական կյանքն է»,- ասաց նա:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Մեկնաբանել