Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում է տեսանյութ, որում գովազդվում է իբրև հայ բժիշկի կողմից ստեղծված «հրաշք» միջոց՝ հոդացավային հիվանդությունների բուժման համար։
Տեսանյութում ներկայացվող բժիշկը բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր սրտաբան Արմեն Աստվածատրյանն է։
«Մենք մշակել ենք միջոց, որը վերացնում է խնդիրը բջջային մակարդակում։ Այն թեթևացնում է հոդերի բորբոքումը, վերացնում է ցավն ու այտուցը»,- ասում է բժիշկը տեսանյութում։
Շրջանառվող մեկ էլ այլ տեսանյութում էլ ռուսաստանաբնակ հայազգի հումորիստ Եվգենի Պետրոսյանն է հոդացավային հիվանդությունները բուժող միջոցի վերաբերյալ է նույն պնդումն անում։
Իրականում այս տեսանյութներն ամբողջությամբ կեղծ են։ Դրանք ստեղծված են արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով, իսկ բժշկի և հումորիստի ձայնն ու պատկերները կրկնօրինակվել են։ Գովազդվող դեղն էլ իրականում որևէ կապ չունի նրանց հետ։
Որտեղի՞ց են վերցված իրական տեսանյութերը
Թեև գովազդային տեսանյութերը հիմնականում թիրախավորում են հայաստանյան լսարանին, դրանք ռուսերեն են։ Վստահություն ներշնչելու համար դրանցում օգտագործված են Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդաշարի կադրեր։ Երկու տեսանյութերում էլ հաղորդավար Նանե Ոսկանյանը, իբր, ներկայացնում է նոր միջոցը և խոսքը փոխանցում դրա «ստեղծողներին»։
Սակայն այս կադրերն իրականում վերցված են «Լուրերի» ապրիլի 14-ի թողարկումից, որտեղ հաղորդավարը նման պնդում չի անում։
Բժիշկ Արմեն Աստվածատրյանը սեփական յութուբյան ալիք ունի՝ «Բժշկի անկյուն» անվանմամբ, որտեղ ուղիղ եթերում պատասխանում է տարբեր հարցերի՝ դիաբետից մինչև հոդացավեր։ Տարածվող կեղծ տեսանյութը, որտեղ նա իբր ներկայացնում է հոդային հիվանդությունները բուժող միջոցը, իրականում 2023-ին հրապարակված տեսագրություն է՝ արյան ճնշման կայունացման թեմայով։
Ինչ վերաբերում է հումորիստ Եվգենի Պետրոսյանի մասնակցությամբ տեսանյութին, այն ևս հին է։ 2022-ին ռուսական Истра.РФ հարթակին տված հարցազրույցում նա խոսել է առաջիկայում սպասվող համերգից։
Արդյոք «հրաշք» միջոցը ստեղծվել է Հայաստանո՞ւմ
Տեսանյութին կցված է net-syntrion.icu կայքի հղումը, որտեղ հումորիստ Եվգենի Պետրոսյանն իբր պատմում է, թե ստիպված է եղել տեղաշարժվել անվասայլակով, բայց բժիշկ Աստվածատրյանի առաջարկած միջոցն իրեն բուժել է։
«Հրաշք» միջոցը, որի մասին գրված է հոդվածում, «ՍուստավՊրոն» է (СуставПРО)։ Կայքում նշվում է, թե այն մշակվել է «հայկական կլինիկական հետազոտությունների ինստիտուտի» կողմից, իսկ դեղորայքը հնարավոր չէ գնել դեղատներից։ Նման անվանումով հետազոտական ինստիտուտ, սակայն, Հայաստանում գոյություն չունի։
«ՍուստավՊրոն» հոդերի և հարակից հիվանդությունների դեմ սովորական միջոց է, որն արտադրում է ռուսական «Импульс Здоровья» ընկերությունը։ Դրա 20 սրվակի արժեքը մոտ 3,200 դրամ է։

Թեև հոդվածում նշվում է, թե այն չի վաճառվում դեղատներում, «ՍուստավՊրոն» առկա է Ռուսաստանի դեղատներում և օնլայն հարթակներում։

Իսկ կեղծ տեսանյութերի հիմնական նպատակը առաջարկվող միջոցը վաճառելն է, որն իրականում ազատ վաճառվում է համացանցում և դեղատներում։
Բժիշկ Արմեն Աստվածատրյանի մասնակցությամբ կեղծված տեսանյութեր նախկինում ևս տարածվել են՝ իբր ներկայացնելով տարբեր հիվանդություններ բուժող «հրաշք» միջոցներ։ Դրանց նպատակը կրկին եղել է կասկածելի դեղամիջոցների վաճառքը, ինչին #CivilNetCheck-ն անդրադարձել է։