Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Ստամբուլում նախապատրաստվող բանակցությունները

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը հեռախոսով քննարկել են մայիսի 15-ին Ստամբուլում ուկրաինական կարգավորման շուրջ ուղիղ բանակցություններ սկսելու հարցը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳ նախարարությունից։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել է ուղիղ բանակցություններ անցկացնել մայիսի 15-ին Ստամբուլում՝ առանց նախապայմանների։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հինգշաբթի անձամբ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ստամբուլում։

«Ոչ մի իմաստ չկա սպանությունները շարունակելու։ Եվ ես սպասելու եմ Պուտինին Թուրքիայում՝ հինգշաբթի օրը։ Անձամբ»,- X-ում գրել է Զելենսկին։

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հետ։ Էդրողանը հայտարարել է, որ չի կարելի բաց թողնել խաղաղ բանակցություններ սկսելու հնարավորությունը։

ԱՄՆ նախագահն իր հերթին հայտարարել է, որ բաց է մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հինգշաբթի Թուրքիայում կայանալիք հնարավոր խաղաղության բանակցություններին։

Մեկնաբանել