Մահափորձ Պարույր Հայրիկյանի դեմ

Հունվարի 31-ին, ժամը 23։15-ի սահմաններում Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա:

Լուրը ճշտելու նպատակով Hetq.am-ը զանգահարել է նախագահի թեկնածուին: Հեռախոսազանգին պատասխանել է մի երիտասարդ տղա: Նա լաց էր լինում. «Ախպերս, Պարույր Հայրիկյանին խփել են, բայց լավ է լինելու: Թող սաղ իմանան, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասել է երիտասարդն ու անջատել հեռախոսը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատել են տեղեկությունը, որ Պարույր Հայրիկյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն. այստեղից էլ հաղորդել են, որ Պարույր Հայրիկյանը վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում. վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության: