Վրաստանը մեկ ամիս է՝ թույլ չի տալիս հայկական բեռների տարանցումը

Մի խումբ արտահանող ընկերությունների ներկայացուցիչներ հավաքվել են Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Նրանք պարզաբանում են պահանջում դեսպանից, թե ինչո՞ւ են իրենց բեռները Վրաստանում ստուգումների ենթարկվում, և ինչո՞ւ է վրացական կողմն արգելում Հայաստանից դուրս եկած ապրանքները Վրաստանի տարածքով հասցնել Ռուսաստան և այլ երկրներ։

Կարեն Շահնազարյանը շուրջ 19 տարի է կոնյակի արտահանմամբ է զբաղվում։ Նշում է, որ արդեն մեկ ամիս է իր ընկերության կոնյակով բեռնված 5 բեռնատարները կանգնած են Վրաստանի Գեզի մաքսային տերմինալում։ Այս տերմինալում հայտնվում են այն բեռները, որոնք ռիսկային են համարվում։

«‎Ալկոհոլը ռիսկային չի համարվում։ 30 օր է արդեն զննում են բեռները, անհասկանալի է, բացել են մեքենան կոնյակի մի քանի նմուշ են հանել։ Չենք հասկանում պատճառը»,- ասել է գործարարը։

Կարեն Շահնազարյանն ասում է, որ այս արգելքի պատճառով իրենք կարող են ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կանգնել։

Մեկ այլ ընկերության ներկայացուցիչ Ալբերտ Ներսիսյանն էլ ասել է, որ արտահանումն իրենց արտադրության 90 տոկոսն է կազմում։ Մինչ այս շաբաթական 10 բեռնատար էին արտահանում՝ յուրաքանչյուրում 100-150 հազար շիշ։ Այժմ արտահանումը դադարեցրել են։

Վրաստանի դեսպանատնից ընդունել են բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին։ Դեսպանատնից հայտնել են, որ արդեն դիմել են պաշտոնական Թբիլիսիին և սպասում են խնդրի լուծման վերաբերյալ պատասխանի։

Մեկնաբանել