«Քաղաքականից բացի, այլ պատճառ չեմ տեսնում». բեռնափոխադրողը՝ Վրաստանում կանգնեցված հայկական բեռների մասին

Վերջին մեկ ամսվա ընթացքում Վրաստանում խնդիրներ են առաջացել Հայաստանից արտահանվող ալկոհոլային խմիչքների տարանցման հետ կապված. ՍիվիլՆեթին տեղեկացրեց բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչը՝ անանուն մնալու պայմանով:

«Խնդիրը սկսվել է մոտավորապես երկու-երեք շաբաթ առաջ: Վրաստանում կանգնեցնում են ալկոհոլով բարձված՝ Հայաստանից դուրս եկող, Վրաստանով տրանզիտ գնացող մեքենաները: Տանում են Թբիլիսի, «Գեզի» տերմինալ՝ իբր նմուշառման և լաբորատոր փորձաքննության համար»,- պատմում է բեռնափոխադրողը:

Մայիսի 13-ին մի խումբ արտահանող ընկերությունների ներկայացուցիչներ հավաքվել են Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Նրանք պարզաբանում են պահանջում դեսպանից, թե ինչու են իրենց բեռները Վրաստանում ստուգումների ենթարկվում, և ինչու է վրացական կողմն արգելում Հայաստանից դուրս եկած ապրանքները Վրաստանի տարածքով հասցնել Ռուսաստան և այլ երկրներ։

ՍիվիլՆեթի զրուցակցի խոսքով՝ այս իրավիճակն առաջացնում է մի շարք հարցեր. «Առաջինը՝ ինչո՞ւ է տրանզիտային բեռին նման ստուգում պետք, երբ այդ ապրանքը Վրաստանի համար չէ: Երկրորդը՝ ընդհանրապես որևէ բացատրություն, փաստաթուղթ կամ այլ հիմնավորում չի տրամադրվում»:

Ըստ բեռնափոխադրողի՝ եթե վարորդը հարցուփորձ չանի, հնարավոր չէ պարզել, թե ինչու է մեքենան կանգնեցված, և ինչ են պատրաստվում անել վրացի սահմանապահները: Վերջին տվյալներով՝ Վրաստանում այս պահին կանգնեցված է 17 բեռնատար, որոնցից մեկը պատկանում է ՍիվիլՆեթի զրուցակցի ընկերությանը:

«Մեր բեռնատարներից երկուսը ևս տարվել էին ստուգման. մեկին 15 օր հետո թողել են, մյուսը դեռ կանգնած է: Թողնելուց էլ որևէ բացատրություն չեն տվել, թե ինչու կանգնեցրին այդքան երկար ժամանակով և ինչու հենց հիմա թողեցին»,- հայտնեց բեռնափոխադրողը:

Նա նշում է, որ յուրաքանչյուր մեքենայից վերցվում է մեկ կամ երկու նմուշ, որոնք ուղարկվում են փորձաքննության: Դրա արդյունքներից հետո որոշ մեքենաների թույլատրվում է շարունակել ճանապարհը, մյուսները շարունակում են մնալ կանգնած:

Բեռնափոխադրողը շեշտում է՝ նախկինում Վրաստանով ալկոհոլի տարանցման հետ նման խնդիրներ երբևէ չեն եղել. «Վրաստանը որոշ այլ ապրանքների հետ կապված սահմանափակումներ ունի, օրինակ՝ սուջուխի դեպքում (նույն անվան տակ Վրաստան կամ Վրաստանով ապրանք չի թույլատրվում տեղափոխել), բայց ալկոհոլի հետ երբեք նման խնդիրներ չեն եղել»:

Բեռնափոխադրողը քաղաքականից բացի, այլ պատճառ չի տեսնում, սակայն դա էլ դժվար է հիմնավորել. «Եթե ապրանքի որակի հետ խնդիր լիներ, ապա կհետադարձեին: Տպավորություն է, որ հնարավորություն ունեն այսպես վարվելու, վարվում են»:

Ուշագրավ է նաև, որ ոչ բոլոր ընկերությունների բեռներն են կանգնեցվում, ինչը կասկածի տակ է դնում խնդրի քաղաքական բնույթը:

Բեռնափոխադրողի խոսքով՝ մինչ այժմ դեռ չկա որևէ դեպք, երբ ապրանքը վերադարձվել է Հայաստան: Բոլոր կանգնեցված մեքենաները շարունակում են մնալ Վրաստանում:

Հայաստանի պետական մարմինները, ըստ ՍիվիլՆեթի զրուցակցի, արդեն տեղյակ են իրավիճակի մասին. «Մի քանի օր առաջ ասացին, որ Վրաստանից պաշտոնյաներ էին եկել: Նրանց հետ խոսել են, հետո Վրաստան էին գնացել, քննարկել հարցը, բայց դեռևս լուծում չկա»։

Էլեն Մուրադյան

Մեկնաբանել