Shell-ը ՀՀ քաղաքացիներին գումարներ չի տրամադրում․ գրառումը կեղծ է

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ Shell բենզալցակայանների ցանցի անունից՝ իբրև ընկերությունը գումար է բաժանում Հայաստանի քաղաքացիներին։

«Shell-ը գումարներ է տալիս քաղաքացիներին։ Գրանցվի՛ր և գտի՛ր անունդ ցուցակում»,- նշված է գրառման մեջ։

Թեև գրառումը թիրախավորում է Հայաստանի քաղաքացիներին, այն ռուսերեն է։ Սա հերթական խաբեությունն է, որում գումար ստանալու կեղծ խոստումների միջոցով, բանկային տվյալներ և գումարներ են կորզում մասնակիցներից։

Էկրանապատկերում՝ տարածվող գրառումը

Սկզբում գումար են խոստանում, ապա ներդրումներ պահանջում

Գրառմանը կցված հղումը տանում է flowcapital-risk.com անվանումով կայք։ Որոշ հարցերի պատասխանելուց հետո պարզվում է, որ գումարը ստանալու համար պետք է ներդրումներ անել մեկ այլ՝ market.capitalinvest.vip անվանումով հարթակում: Ըստ կայքի՝ եթե օգտատերը կատարի նախնական ներդրում, ապա հետագայում հնարավորություն կունենա ստանալու եկամուտ։

Էկրանապատկերը՝ flowcapital-risk.com անվանումով կայքից

Այնուամենայնիվ, թե՛ ներդրումներ կատարելու, թե՛ իբր ստացված եկամուտները դուրս բերելու համար պահանջվում է ներմուծել բանկային տվյալները՝ այդ թվում CVV համարը, կասկածելի հարթակում։ Այս տվյալները տրամադրելը կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների։

Էկրանապատկերը՝ market.capitalinvest.vip կայքից

Shell-ի հայաստանյան ներկայացուցիչը հերքում է կապը գրառման հետ

Shell-ը միջազգային բենզալցակայանների ցանց է, որի առաջին բենզալցակայանը Հայաստանում գործարկվել է 2023-ին։ Shell-ի պաշտոնական կայքում գումար տրամադրելու վերաբերյալ հրապարակումներ չկան։

Հայաստանում Shell ապրանքանիշը ներկայացնում է «Ռոյալ Օյլ» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Shell ապրանքանիշի կողմից արտոնագրված ընկերություն։

Ընկերությունից #CivilNetCheck-ի հետ զրույցում հերքում են գումարներ բաժանելու վերաբերյալ ֆեյսբուքյան գրառման հետ կապը։

Այսպիսով, Shell-ի անունից գումարներ տրամադրելու վերաբերյալ գրառումը կեղծ է։ Դրա հիմնական նպատակը մասնակիցների բանկային տվյալները կորզելը կամ ստիպելն է կասկածելի հարթակում ներդրումներ անել։

Մեկնաբանել