Վրաստանի խորհրդարանի խոսնակը քննադատել է ԵՄ-ին՝ «փոքր երկրների շահերն անտեսելու համար»

Նեյթ Օսթիլեր, OC Media

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին մայիսի 12-ին ելույթ է ունեցել Բուդապեշտում ԵՄ խորհրդարանների խոսնակների ամենամյա համաժողովում, որտեղ ընդգծել է, որ «Վրացական երազանքը» շարունակում է կենտրոնանալ ԵՄ անդամակցության ձգտման վրա։

Պապուաշվիլին ասել է, որ «Վրացական երազանքը» այն կառավարությունն է, որն «առավելագույնն է արել Վրաստանի առաջընթացի համար դեպի ԵՄ»։ Նա միաժամանակ քննադատել է՝ իր խոսքով ԵՄ-ի պատերնալիստական մոտեցումը Վրաստանի ներքին քաղաքական հարցերում։

«Պայմաններում, երբ խորհրդարանն ընտրված է վրաց ժողովրդի կողմից և ներկայացնում է նրա կամքը, մենք, ցավոք, տեսնում ենք, որ եվրոպական որոշ հաստատություններ մեզ հետ խոսում են ուղղորդող լեզվով՝ պարտավորություններ սահմանելով՝ առանց իրավունքներ ընձեռելու»,- ասել է Պապուաշվիլին։

«Պարտավորություններ ունենալը՝ առանց ձայնի իրավունք ունենալու, հատկապես Եվրամիության այնպիսի հաստատություններում, որտեղ Վրաստանը դեռ չունի ներկայացուցչություն, չի համապատասխանում ժողովրդավարական պլյուրալիզմի սկզբունքին, որի վրա հիմնված է ԵՄ-ն»,- հավելել է նա։

Նա քննադատել է ԵՄ-ին՝ նրան մեղադրելով չափից ավելի մեծ տեղ տալով մեծ պետություններին և ԵՄ մարմիններին՝ ի հաշվի փոքր պետությունների։

«Ժողովրդավարությունը պետք է հիմնված լինի քննարկման վրա, ոչ թե պարտադրանքի: Կոնսենսուսը երաշխավորում է, որ որոշումները ընդունվեն համատեղ՝ հարգելով բոլոր անդամ պետությունների և գործընկերների շահերը և մտահոգությունները: Սա նաև նշանակում է մի Եվրոպա, որտեղ որոշումները կայացվում են ոչ միայն կենտրոնացված չընտրված մարմիններում, այլև ավելի ու ավելի մոտ են ժողովրդին»,- ասել է Պապուաշվիլին։

«Այս առումով արժե ավելի քննադատորեն ուսումնասիրել ներկայի այն քննարկումները, որոնք վերաբերում են կոնսենսուսային որոշում կայացնելու սկզբունքը մեծամասնության սկզբունքով փոխարինելուն: Ժողովրդավարական պետությունների համայնքում փոքր պետությունների ձայնը պետք է լսվի նույնքան, որքան մյուսներինը, որովհետև ճշմարտությունը միայն քանակով չի չափվում»:

Պապուաշվիլիի այցը տեղի է ունենում իրավիճակում, երբ Վրաստանը շարունակում է հեռանալ ԵՄ-ից՝ ի պատասխան վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ նոյեմբերին արած հայտարարության, ըստ որի կառավարությունը հետաձգում է անդամակցման դիմումը մինչև 2028-ը:

Այդ ժամանակից ի վեր «Վրացական երազանքի» պաշտոնյաները աստիճանաբար չեն հրավիրվել ԵՄ-ի կոնֆերանսներին և քննարկումներին, այդ թվում վերջերս տեղի ունեցած թեկնածու երկրների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Հունգարիան հավանաբար Վրաստանի ամենամոտ դաշնակիցն է ԵՄ-ում: Չնայած որ ԵՄ խորհուրդը կազմակերպվում է հերթափոխով, դեռ անհասկանալի է, թե արդյոք Հունգարիայի կողմից միջոցառման հյուրընկալումը կապված էր «Վրացական երազանքի» պատվիրակության հրավերի հետ՝ հաշվի առնելով վերջին ժամանակներս նրա այլ անտեսումները:

Մեկնաբանել