Ոստիկանները կնոջը ազատությունից զրկել են գիշերազգեստով ու հողաթափերով․ ՄԻՊ-ը մտահոգիչ համարեց

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգիչ և դատապարտելի է համարում Գյումրու քաղաքապետի նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանին տնային հագուստով և հողաթափերով բերման ենթարկելու հանգամանքը։ Պաշտպանը հայտարարությունն արեց մայիսի 13-ին Ազգային ժողովում՝ ՄԻՊ-ի նախորդ տարվա զեկույցը ներկայացնելիս։ Հարցը բարձրացրել էր ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Իրավապահ մարմինները կոնկրետ խումբ անձանց նկատմամբ պետք է մշտապես կարողանան զգայնություն ցուցաբերեն։ Ես՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, ճիշտ չեմ համարում անձին ազատությունից զրկել տնային հագուստով, որն ըստ անձի ներկայացվում է որպես գիշերազգեստ ու հողաթափերով»,- շեշտել է Մանասյանը։

Պաշտպանը կոչ արեց պատկան մարմիններին պատշաճ զգայունություն ցուցաբերել՝ ընդգծելով, որ անգամ ամենածանր արարքը կատարած անձը պետք է զերծ լինի նվաստացուցիչ վերաբերմունքից։ Նա նաև հայտնեց, որ ՄԻՊ աշխատակիցները հանդիպել են Աղեկյանի հետ, ինքը հանդիպել է նաև վերջինիս հարազատներին։ Պաշտպանը իրավապահներից պահանջել է մանրակրկիտ քննել ներկայացված բոլոր բողոքները։

Ավելի վաղ Լիլիթ Աղեկյանը հայտարարել էր, որ ոստիկաններն իրեն բերման են ենթարկել տնային հագուստով, անհամաչափ ուժ կիրառելով, ինչպես նաև ոստիկանությունում զննության ենթարկել տեսախցիկի առջև։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանը սոցցանցերում լուսանկար էր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են Աղեկյանին տնից բերման ենթարկում։

Ներքին գործերի նախարարությունը հերքել էր այդ պնդումները՝ նշելով, որ խուզարկությունը և բժշկական զննությունը կատարվել են առանց տեսախցիկների, կին ոստիկանների և բժշկական անձնակազմի կողմից։

Քննչական կոմիտեն Լիլիթ Աղեկյանին մեղադրում է խուլիգանության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 12-ին խորհրդարանում հայտարարել էր, որ Աղեկյանն արդեն մի քանի անգամ ենթարկվել էր անազատության հետ չկապված խափանման միջոցների, սակայն, նրա խոսքով, անձը շարունակել է անպատշաճ վարք դրսևորել, խաթարել դպրոցի և դատական նիստի բնականոն աշխատանքը, ինչը ստիպել է իրավապահներին գնալ կալանավորման քայլին։

Մեկնաբանել