Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 13-ին, ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։
«Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ Կառավարության հանձնառությունը՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը բոլոր ուղղություններով:
Գերտ Յան Կուպմանը իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով, որ ԵՄ-ը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր։ Նա դրական է գնահատել վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքին՝ նշելով, որ դա կարևոր ուղերձ է, որը վկայում է Հայաստանի եվրոպական ընտրության անկեղծության և հետևողականության մասին։ Կուպմանն ընդգծել է, որ ԵՄ-ն ողջունում է ՀՀ Կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգը եւ պատրաստ է հետևողականորեն աջակցել այդ գործընթացին՝ ընդլայնելով համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որոնք նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանն ու քաղաքացիական հասարակության զարգացմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող խնդիրներ, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող հարցեր»,- նշված է հաղորդագրությունում: